13:07 | 10.11.16 | Նորություններ | 13018

ՀՀ դեսպանություններում ՏՏ ոլորտի ներկայացուցչություններ կհիմնվեն

Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին աջակցելու հանձնարարականով դիմել է արտաքին գործերի նախարարությանը:

Կարեն Կարապետյանի փոխանցմամբˋ ՏՏ համայնքն իրեն դիմել է խնդրանքով՝ 15 երկրի ՀՀ դեսպանություններում ունենալ սեփական ներկայացուցչությունը:

«Դա լրացուցիչ ծախս չի հանդիսանա դիվանագիտական կորպուսի համար, առաջացած ծախերը կհոգան հենց իրենքˋ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները: Խնդրում ենք աջակցել նման հարթակի ստեղծման համար»,- ասել է կառավարության ղեկավարը:

Կարեն Կարապետյանը հավելել է, որ շաբաթական մեկ օր ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ իրենք քննարկում են, թե ինչ պայմաններ ստեղծեն, որպեսզի նրանց համար բարենպաստ պայմաններ ու «թռիչք ապահովեն»:

Դիմելով ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարությանը, ինչպես նաեւ բիզնեսի ներկայացուցիչներինˋ վարչապետն ասել է, որ նրանք եւս մտածեն նման հարթակ ստեղծելու ուղղությամբ: