Միացյալ Նահանգները երեկ Դոնալդ Թրամփին ընտրեց նոր նախագահ, որը գոնե այս պահի դրությամբ տեխնոլոգիաների երկրպագու չէ:
Դոնալդ Թրամփը չունի կոնկրետ ծրագիր՝ կապված տեխնոլոգիաների ոլորտի հետ, ինչի պատճառով ամերիկյան տեխնոլոգիական համայնքը նրա նախագահ դառնալու լուրն ընդունել է խոր տագնապով:
Տարբեր աղբյուրներից հավաքել ենք փաստեր, որոնք վկայում են այս մտահոգությունների արդարացված լինելը:
Դոնալդ Թրամփը ժամանակին համակարգիչներն անվանել է «խառը տոպրակ»՝ նշելով, որ մարդիկ պետք է իրենց հետ վարժեցնեն ինտերնետից: Նա չունի հեռախոս, չի օգտվում էլփոստից:
Այս տարվա ամռանը Սիլիկոնյան հովտի ավելի քան 140 ներկայացուցիչներ՝ մեծամասամբ ընկերությունների գործադիր տնօրեններ (այդ թվում՝ Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը), բաց նամակ էին գրել նախագահի թեկնածու Թրամփի դեմ, նրան անվանելով չարիք՝ նորարարության համար:
«Նրա տեսլականը դեմ է գաղափարների փոխանակմանը, մարդկանց ազատ տեղաշարժին եւ արտաքին աշխարհի հետ արդյունավետ հաղորդակցմանը, ինչը մեր տնտեսության համար շատ կարեւոր է եւ հանդիսանում է նորարարության եւ աճի համար հիմք»,- նշված է նամակում:
PayPal-ի համահիմնադիր Փիթեր Թիելը Սիլիկոնյան հովտի այն հազվադեպ դեմքերից է, որը նախընտրական շրջանում հայտարարել է Թրամփին աջակցության մասին: Արդյոք Հովտում կա՞ն այլ թրամփականներ, դեռ հայտնի չէ:
Ժամանակին Թրամփը ցանկություն էր հայտնել, որ ամերիկյան բանակում հաղորդակցությունն ընթանա ոչ թե հաղորդակցության գերժամանակակից գաղտնի ձեւերի, այլ գրավոր նամակների միջոցով:
ԱՄՆ նոր նախագահի համար տեխնո աշխարհում էմիգրանտները խոչընդոտ են, այլ ոչ թե ձեռներեցներ, որոնք կարող են իր երկրում միլիարդավոր դոլար արժողությամբ ընկերություններ հիմնել:
Թրամփը դեմ է արտահայտվել նաեւ H1-B վիզայի տեսակին, որն օգնում է Ամերիկյան տեխնոլոգիական ընկերություններին իրենց շարքերը համալրել արտասահմանից մասնագետներով: Նշենք, որ վիզայի այդ տեսակը տալիս է ԱՄՆ-ում ժամանակավոր բնակության իրավունք, սակայն ընկերությունները կարող են իրենց հայեցողությամբ անորոշ ժամանակով ֆինանսավորել իրենց աշխատակիցների կեցությունը ԱՄՆ-ում:
Թրամփի կարծիքով՝ H1-B վիզան աջակցում է դեպի ԱՄՆ էժան, եւ ոչ թե որակյալ աշխատուժի ներհոսքին: Նրա խոսքով՝ հարկավոր է զարկ տալ «բարձրորակ էմիգրացիային», երբ էմիգրանտները կգան սովորելու ամերիկյան թոփ համալսարաններում: Այնպես որ, հաջորդ տարի հնարավոր է՝ նա լիովին վերացնի վիզայի այդ տեսակը կամ այլընտրանքային որեւէ տարբերակ առաջարկի:
Գարնանը Դոնալդ Թրամփը խոստացել էր ստիպել Apple-ին iPhone-ի արտադրությունն իրականացնել ԱՄՆ-ում: Մարտ ամսին նա ասել էր. «Ես պատրաստվում եմ վերադարձնել աշխատատեղերը եւ ստիպել, որ Apple-ն իր համակարգիչներն ու iPhones-ները արտադրի ԱՄՆ-ում, ոչ թե Չինաստանում»: Այս հեռանկարը, փորձագետների խոսքով, տնտեսական եւ լոգիստիկ զգալի խնդիրներ կառաջացնի Apple-ի համար:
Տեխնո դեմքերից շատերը երեկ ընտրությունների արդյունքներից անմիջապես հետո իրենց մտահոգություններով կիսվել են նաեւ Twitter-ում:
Y Combinator աքսելերատորի նախագահ Սամ Ալտմանը միանգամից մի քանի գրառում է կատարել: