Itel.am-ը շարունակում է #ՏեխնոԱմիս շարքը. ամեն անցնող ամսվա ավարտին ՏՏ ոլորտի որեւէ հայ ներկայացուցիչ ամփոփում է ամիսը՝ խոսելով հայաստանյան, միջազգային տեխնո ձեռքբերումների, ինչպես նաեւ սեփական ընկերության հաջողությունների մասին:
Տեխնոլոգիական հոկտեմբերն ամփոփում ենք Fimetech ընկերության հիմնադիր Գոռ Վարդանյանի հետ:
#ՏեխնոՀոկտեմբերը Fimetech-ում
Հոկտեմբերը Fimetech-ում շատ հագեցած եւ հետաքրքիր ամիս էր: Երկրորդ տարին էր, ինչ մասնակցում էինք «ԴիջիԹեք էքսպո» ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին, որտեղ ներկայացնում էինք Chessfimee եւ Mapato ստարտափները:
Chessfimee-ն շախմատային տախտակների սկանավորման/լուսապատճենման եւ վերլուծության հավելված է, որը թույլ է տալիս սկանավորել եւ թվայնացնել խաղատախտակներ տարբեր գծապատկերներից եւ դիրքերից՝ օգտագործելով OCR (optical character recognition) տեխնոլոգիան: Հավելվածը ներկայում ունի ավելի քան 20 հազ. ներբեռնում, որի 97%-ը՝ Հայաստանից դուրս։ Ներկայում աշխատում ենք iOS տարբերակի մշակման ուղղությամբ, որը պատրաստ կլինի մինչեւ տարեվերջ:
Հայաստանը շախմատային աշխարհում ընկալվում է որպես գերտերություն։ Եթե դրան գումարենք երկրում տարեցտարի աճող եւ զարգացող ՏՏ ոլորտը, ապա պարզ կդառնա, որ նման նախագծի եւ թիմի համադրությունը բացառիկ է, եւ պատահական չէ, որ գաղափարը հենց Հայաստանում է իրականացվում։ Այս ամիս Chessfimee հավելվածով մասնակցեցինք նաեւ Startup Cup-ին՝ անցնելով եզրափակիչ:
Պատմեմ նաեւ Mapato-ի մասին, որի համահիմնադիրներից է Fimetech-ը: Այն նորաստեղծ ընկերություն է՝ մասնագիտացած տեղայնացման խնդիրների լուծման ուղղությամբ ինչպես շինությունների ներսում, այնպես էլ ցանկացած այլ միջավայրում, որտեղ GPS համակարգը հասանելի չէ կամ էլ չի ապահովում անհրաժեշտ ճշգրտություն:
Համակարգն ունի մատչելի գին եւ կարող է ներդրվել առանց որեւէ նկատելի ենթակառուցվածքային փոփոխությունների։ Կազմակերպություններին այն հնարավորություն կտա հավաքել բազմապիսի վիճակագրական տվյալներ, բարելավել վաճառքը եւ այլն, իսկ այցելուները հնարավորություն կունենան օգտագործել մոբայլ հավելվածը:
Հոկտեմբերի 14 ին էլ Գյումրիի Տեխնոլոգիական Կենտրոնում անցկացվեց հերթական տեխնոուրբաթը, որտեղ մենք խոսեցինք The Mith of Work/Life Balance-ի մասին, ինչպես նաեւ հայտարարեցինք մոտ ժամանակներում Գյումրիում մասնաճյուղ բացելու մասին:
#ՏեխնոՀոկտեմբերը ՀայաստանումԱմիսը մեկնարկեց «
ԴիջիԹեք էքսպո-2016» 12-րդ ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսով:
photo © Անձնական արխիվից
Այն իսկական տոն է տեխնոլոգիական ընկերությունների համար, որոնք հնարավորություն ունեն ցուցադրելու իրենց նորարարությունները ու բազմազան խնդիրների նորովի լուծումները:
Եվս մեկ շատ կարեւոր իրադարձություն՝ հոկտեմբերի 13-15-ը «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում
անցկացվեց սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների ArmHiTec2016 առաջին միջազգային ցուցահանդեսը:
Հոկտեմբերի կարեւոր իրադարձություններից էր Hive ներդրումային հիմնադրամի կազմակերպած
միջոցառումը, որին մասնակցում էին ներկայացուցիչներ
Uber,
Google եւ այլ հանրահայտ ընկերություններից։
photo © HIVE
Հոկտեմբերի 17-ին էլ պաշտոնապես
գրանցվեց YerevaNN գիտակրթական հիմնադրամը, որտեղ ես հոգաբարձումների խորհրդի անդամներից եմ: Հիմնադրամի նպատակն է խթանել համաշխարհային կարգի արհեստական բանականության հետազոտությունները Հայաստանում եւ զարգացնել մեքենայական ուսուցման ու հարակից առարկաների բարձրորակ կրթական ծրագրեր:
#ՏեխնոՀոկտեմբերն աշխարհումԱնցնող ամիս Microsoft Artificial Intelligence and Research թիմերից մեկը համակարգչի կողմից խոսքի ճանաչողության (speech recognition) տեխնոլոգիայի ոլորտում ստացավ աննախադեպ արդյունք։ Համակարգն արդեն կարող է բանավոր խոսքը ճանաչել նույն սխալանքով, ինչ որ մարդը, ինչը, կարծում եմ, մեծ առաջընթաց է:
Հոկտեմբերը նաեւ նոր որակի DDoS հարձակումների ամիս էր: Ամերիկյան մի շարք խոշորագույն վեբ կայքերի՝ Netflix-ի, Twitter-ի եւ Spotify-ի վրա տեղի ունեցան հարձակումներ: Դրանց յուրահատկությունն այն է, որ հարձակումները հիմնականում կատարվեցին IoT-երի (Internet of Things) միջոցով։
Նարինե Դանեղյան