12:09 | 21.10.16 | Հոդվածներ | exclusive 210878
Երեւանը մինչեւ տարեվերջ կհայտնվի «Յանդեքս.Պանորամա»-ում: Նկարահանման աշխատանքները տեւել են 6 օր, եւ դրանց ավարտին Itel.am-ը զրուցել է նկարահանող խմբի հետ:
«Յանդեքս.Քարտեզներ»-ի քարտեզագրման ծառայության ղեկավարի տեղակալ Նիկոլայ Կալաշնիկովը նշել է, որ Երեւանում պանորամային տեսքով նկարահանվել է շուրջ 500 կմ տարածք:
««Յանդեքս.Պանորամա»-ն նկարահանել է Երեւանի համայնապատկերը՝ բոլոր գլխավոր փողոցներով: Սա հնարավորություն կտա վիրտուալ շրջել Երեւանով: Սկզբում պլանավորվում էր նկարահանել շուրջ 440 կմ տարածք, սակայն նկարահանումների ժամանակ հասկացանք, որ դա բավարար չէ: Մենք նկարահանել ենք ոչ միայն երթեւեկելի, այլեւ հետիոտնային փողոցները: Ընդգրկված են նաեւ այնպիսի հայտնի զբոսաշրջային վայրեր, ինչպիսիք են Գառնին, Գեղարդը, Էրեբունի ամրոցը եւ այլն»,- պատմել է Նիկոլայ Կալաշնիկովը:
Նրա խոսքով՝ Երեւանի պանորամային քարտեզը «Յանդեքս.Քարտեզներ»-ում կհայտնվի նոյեմբեր-դեկտեմբերին:
«Նկարահանումը բավական ժամանակատար գործընթաց է: «Պանորամամոբիլ»-ը մեկ կադր ստանալու համար միաժամանակ 4 լուսանկար է անում՝ ինչը հնարավորություն է տալիս նայել վերեւ, ներքեւ, աջ ու ձախ: Կենտրոնում նկարահանումներն արվում են յուրաքանչյուր 20 մետրի վրա, իսկ կենտրոնից դուրս՝ 50 մետրը մեկ: Այդպիսով ստացվում է պանորամաների բավական մեծ թիվ, 500 կմ նկարելու դեպքում՝ շուրջ 40 հազ. պանորամային լուսանկար՝ յուրաքանչյուրը կազմված 4 լուսանկարից: Արդյունքում ստացվում է 160 հազ. լուսանկար՝ Երեւանը եւ նրա տեսարժան վայրերը հավուր պատշաճի ներկայացնելու համար»,- նշել է Նիկոլայ Կալաշնիկովը: