16:36 | 14.10.16 | Հոդվածներ | exclusive 25545
Այս օրերին Երեւանում է Սիլիկոնյան հովտի ամենահին սաղմնային ներդրումներ (seed investments) իրականացնող Band of Angels կազմակերպության նախագահ Ռոն Վայսմենը՝ մասնակցելու հոկտեմբերի 15-ին Երեւանում կայանալիք HIVE ներդրումային հիմնադրամի կազմակերպած Silicon Valley UNLEASHED: Inside Tech’s Greatest Minds միջոցառմանը:
Նախօրեին Ռոն Վայսմենը դասախոսություն է կարդացել Հայ Ռուսական Սլավոնական Համալսարանում: Itel.am-ը ներկա է գտնվել միջոցառմանը եւ գրի առել որոշ հետաքրքիր մտքեր:
Գաղափարի եւ սխալների մասին
Սիլիկոնյան հովիտը միայն մեկ բան է արտադրում: Դա մեքենաները չեն, ոչ էլ նավթը. դա գաղափարներն են, ինտելեկտուալ սեփականությունը: «3 երիտասարդ + շունը» կարող են ընկերություն բացել Սիլիկոնյան հովտում, եթե ունեն լավ գաղափար:
Սիլիկոնյան հովտում սխալվելու համար չեն պատժում: Սիլիկոնյան հովտից հայտնի դեմքերից մեկը հաճախ էր ասում իր աշխատողներին՝ «Դուք պետք է սխալվեք, սակայն իրավունք չունեք անընդհատ սխալվելու»:
Սիլիկոնյան հովիտը նեթվորքինգի ինտենսիվ մշակույթ է: Շատ քիչ մարդիկ են, որ Սիլիկոնյան հովտից են, մեծ մասը ժամանակի ընթացքում է այնտեղ հայտնվել: Այստեղ ամենեւին էլ տաօրինակ չէ, երբ ինժեները առավոտյան երկուսին գնում է աշխատանքի:
Հավատարմության մասին
Սիլիկոնյան հովտում չկա հավատարմություն. ոչ ոք այնտեղ չի ցանկանում իր ամբողջ կյանքն աշխատել մեծ ընկերության համար: Իհարկե, ընկերությունների մեծ մասն առաջարկում է աշխատանքային պայմանագիր, ըստ որի՝ չեք կարող երբեւէ աշխատել մրցակից ընկերության համար, սակայն դա չի խանգարում մարդկանց փոխել աշխատանքը, որովհետեւ Կալիֆորնիայի դատարանի օրենքներով՝ ընկերությունը չի կարող ձեզ դատել, եթե անգամ աշխատեք մրցակցի համար: Այսպիսով, փաստն այն է, որ մարդիկ անընդհատ փոխում են իրենց աշխատանքը:
Կարեւոր խնդիրներ լուծելու մասին
Կարող եմ ասել, որ Սիլիկոնյան հովտի 100 ընկերություններից 99-ը շատ կարեւոր գործերով է զբաղված, սակայն երբեմն հանդիպում ես նաեւ պարադոքսների: Մենք ստեղծել ենք առաջադեմ տեխնոլոգիաներ, սակայն ի՞նչ ենք անում դրանցով: Օրինակ՝ վերջերս մի ամերիկյան ընկերություն բուրիտոներ էր առաքում դրոնների միջոցով: Այնպես որ պետք է հարց տալ. արդյոք կենտրոնացա՞ծ ենք կարեւոր խնդիրներ լուծելու ուղղությամբ:
Սթիվ Ջոբսի մասին
Ես տարիներ շարունակ աշխատել եմ Սթիվ Ջոբսի հետ: Սթիվին երկար ժամանակ պահանջվեց դառնալու այն մարդը, որին բոլորը ճանաչում են: Նա մահացավ 5 տարի առաջ այս օրերին, եւ նրա մահվան օրը Apple-ը դարձավ պատմության մեջ ամենաարժեքավոր ընկերությունը:
Սթիվը համոզված էր, որ եթե ընկերություն եք հիմնում, ապա պետք է մասշտաբային մտածեք: Եվ եթե չեք պատրաստվում ինչ-որ հեղափոխական բան անել, ընդհանրապես մի արեք:
Տարիներ շարունակ Սթիվը ձախողում էր, նա գրեթե ոչնչացրեց Apple-ը, հետո ստեղծեց նոր համակարգիչ, որը գնվեց Apple-ի կողմից: Իր կյանքի միայն վերջին տարիներն էին, երբ Սթիվին «շրջապատեց» հաջողությունը, դրանից առաջ նա տեսավ ձախողումներ, սովորեց իր իսկ ձախողումներից: Նա հաճախ էր ասում` մի՛ վախեցեք սպանել սեփական պրոդուկտները:
Էլոն Մասկի մասին
Սիլիկոնյան հովտում շրջում է մի տեսություն, ըստ որի՝ մենք ապրում ենք մեքենայում, որ մենք ինչ-որ սիմուլյացիայի մաս ենք, որ մենք իրականում չենք ապրում եւ մարդիկ չենք, որ ամեն ինչ նախապես ծրագրավորված է՝ ապագայից: Էլոն Մասկը միլիոնավոր դոլարներ է ծախսում՝ հասկանալու, թե ինչպես կարելի է դուրս գալ այդ մետրիկայից:
Թրենդների մասին
Այսօր շատ են խնդիրները՝ դժվարացել է ստարտափների համար ներդրում ստանալ, իսկ վենչուրային ֆոնդերի համար՝ գումար գտնելը:
Կա կանխատեսում, ըստ որի՝ ինկուբատորներում զարգացող ստարտափների 90 տոկոսը ձախողելու է:
Սակայն, եթե փուչիկը մի օր պայթի, ամեն ինչ այնքան վատ չի լինի, որքան 2000-ականներին, երբ փոքր ընկերությունների ձախողումները լուրջ ազդեցություն ունեցան ամերիկյան տնտեսության համար:
Սա անցումային սերունդ է, մենք ունենք ներս եկող գումար՝ հիմնականում Հնդկաստանից եւ Չինաստանից: Զգացվում է կարիք այլ երկրներից գաղափարի արտահոսքի:
Արհեստական բանականությունը եւ ռոբոտիկան ամենաթեժ ուղղություններից են, որտեղ միլիարդավոր դոլարներ են ներդրվում: Ինքնագնաց մեքենաները եւս շատ ավելի արագ են զարգանում, քան կարելի էր սպասել: Շատ արագ աճող ճյուղերից է նաեւ վիրտուալ իրականությունը:
Համեմատաբար նոր ուղղություն է ուտելիքը, ստարտափները փորձում են ավելի առողջ ուտելիքի մշակման տեխնոլոգիաներ մշակել:
Ռոն Վայսմենի մտքերը գրի է առել Նարինե Դանեղյանը