Dot Conductor մոբայլ հավելվածի մշակողներն առաջարկում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբին դառնալ պատմության մեջ առաջին նվագախումբը, որը համերգ կտա վիրտուալ դիրիժորով:  

Հավելվածը հասանելի է AppStore-ում եւ Google Play-ում:

Dot Conductor-ի հիմնադիր Խոսան Արամայոն Itel.am-ին պատմել է, որ իրենց մշակած հավելվածը հնարավորություն է տալիս երաժիշտներին միասին նվագել՝ օգտագործելով մոբայլ հեռախոսները: Այստեղ հեռախոսը կատարում է դիրիժորի պարտականությունները։ Առկա է նաեւ վեբ խմբագրիչ, որով դիրիժորները կարող են պատրաստել հավելվածի համար նախատեսված ֆայլերը:
 
«Ստացվում է, որ սա հարթակ է դիրիժորների եւ երաժիշտների միջեւ: Հավելվածը նաեւ հնարավորություն է տալիս կապի մեջ մնալ դիրիժորի հետ, հետեւել նրան: Կարելի է առցանց շփվել երաժիշտների հետ, կազմակերպել համատեղ փորձեր եւ երաժշտությանն առնչվող սոցիալական միջոցառումներ»,-  պատմել է Խոսան Արամայոն:


Dot Conductor-ի տեխնիկական տնօրեն Արթուր Թադեւոսյանն էլ նշել է, որ հավելվածն իր տեսակի մեջ լիովին նորություն է.  

«Այսօր մոբայլ հեռախոսները, համացանցը մեզ հնարավորություն են ընձեռում շեղվել պատմականորեն եկած շատ ուղիներից: Սա գործիք է երաժիշտների համար, որով նրանք կարող են նվագել, կիսվել իրենց ստեղծագործություններով, եւ ի վերջո գումար աշխատել: Երբ ասում ենք երաժիշտներ, ի նկատի ունենք պրոֆեսիոնալներին, ուսանողներին, սիրողական երաժիշտներին եւ երաժշտության երկրպագուներին։ Հետեւաբար, հնարավոր է նաեւ այն դարձնել կրթական պրոցեսի մաս, որը կօգնի առավել հասանելի ու արագ կազմակերպել ուսուցումը»,- նշել է Արթուր Թադեւոսյաննը:

Նարինե Դանեղյան