Հոկտեմբերի 15-ին Երեւանում՝ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, անցկացվեց HIVE ներդրումային հիմնադրամի կազմակերպած Silicon Valley UNLEASHED: Inside Tech’s Greatest Minds միջոցառումը:
Itel.am-ը զրուցել է միջոցառմանը մասնակցելու նպատակով Երեւան ժամանած Twitter-ի նախկին փոխնախագահ, ներկայում Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնի ինժեներական գծով տնօրեն Րաֆֆի Գրիգորյանի հետ:
-Վերջին անգամ զրուցելու առիթ ունեցել ենք շուրջ 1 ու կես տարի առաջ: Ի՞նչ նոր զարգացումներ են նկատելի հայկական տեխնոլոգիական ոլորտում:
Րաֆֆի Գրիգորյանի հետ զրուցում է Նարինե Դանեղյանը
photo © Մեդիամաքս
- Հայկական ՏՏ-ն բավական մեծ առաջընթաց է գրանցել: Դա նկատում ես, երբ հետեւում ես, թե ինչ գործեր է անում, օրինակ, HIVE-ը կամ այն բազմատեսակ ՏՏ ընկերությունները, որոնք դիմում են ինձ խորհրդատվության համար: Հիմա դժվար է արտասահմանցիներին ասել, որ, օրինակ, այն պրոդուկտը, որ ցույց եմ տալիս նրանց, ստեղծվել է Հայաստանում, քանի որ այն կարող էր ստեղծվել ամենուր:
Հայկական տեխնոարտադրանքը հարուստ է եւ հասուն: Եթե մարդիկ սկսեն ավելի ու ավելի շատ զբաղվել սրանով, շատ ավելի շատերը կոգեւորվեն եւ կմիանան նրանց:
- Նախորդ զրույցում Դուք նշել էիք՝ «Եթե դուք հայ եք, ապա ես ձեզ կաջակցեմ»: Այս արտահայտությունից հետո արդյոք շա՞տ ստարտափներ են դիմել Ձեզ՝ աջակցության խնդրանքով: - Իհարկե, մարդկանց թիվը, որ էլփոստիս նամակներ է գրում, չափազանց մեծ է: Պարբերաբար նմանատիպ նամակներ եմ ստանում նաեւ LinkedIn-ով ու Twitter-ով: Ես խրախուսում եմ, որ շարունակեն գրել ինձ:
- Եվս մեկ հիշատակում մեր նախորդ զրույցից. Դուք ստարտափներին խորհուրդ էիք տալիս «գլոբալ մտածել»: Ի՞նչ եք կարծում՝ արդյոք այս ընթացքում ավելացե՞լ է գլոբալ մտածող հայկական ստարտափների թիվը: -Կարծում եմ՝ այո: Այն պրոդուկտները, որոնց ծանոթ եմ, թիրախավորում են ցանկացած մեկի՝ աշխարհի ցանկացած կետում: Կարծում եմ՝ կարեւոր է այն մոտեցումը, որ էական չէ, թե որտեղ ես դու այդ պահին, թեկուզ Հայաստանում այս պահին ստեղծված պրոդուկտը կարող է մրցել եւ հաջողության հասնել միջազգային ասպարեզում:
- Այսպիսով քանի՞ հայկական ստարտափի հետ եք ներկայում աշխատում:- Մի քանիսը կան, որոնց կառավարող խորհրդում եմ կամ պաշտոնական խորհրդատու եմ: Իրականում կապի մեջ եմ եւ զրուցում եմ հարյուրավոր մարդկանց հետ:
-Ո՞րը կլինի Ձեր խորհուրդը գլոբալ մտածող հայկական ստարտափներին:-Հաշվի առնելով այն միտումը, որ աշխարհը շարժվում է դեպի արհեստական բանականության եւ մեքենայական ուսուցման (Machine Learning) լուծումներ, երեւի պետք է սկսել մտածել հենց այդ ուղղությամբ:
Րաֆֆի Գիրգորյանը
photo © Մեդիամաքս
Ես Երեւան ժամանել եմ Վաշինգտոնից, Սպիտակ տանը կազմակերպված կոնֆերանսի էի մասնակցում, որը նվիրված էր այդ թեմաներին: Կարծում եմ՝ Հայաստանը՝ իր կրթական համակարգով, կարող է մաս կազմել այդ շուկային 5 տարվա ընթացքում:
Արդեն շատ բաներ կան, որոնք պետք է սկսել անել եւ պետք է սկսել մեքենայական ուսուցումից ու արհեստական բանականության հիմունքներից: Աշխարհը գնում է դրան: Դա նաեւ այն է, ինչ ես եմ այսօր անում Uber ընկերության Առաջատար տեխնոլոգիաների կենտրոնում (խմբ. ինքնավար կառավարմամբ ավտոմեքենաներ (self-driving cars)): Պատկերացրեք, որ այդ մեքենաները դառնան այնքան հզոր, որքան համակարգիչները, եւ պատկերացրեք, որ Հայաստանը կարողանա մասը կազմել այդ գործընթացներին:
- Արդյոք կարո՞ղ ենք ասել, որ եթե կա հայկական որեւէ ստարտափ, որը զբաղվում է արհեստական բանականությամբ օժտված լուծումների մշակմամբ, ապա առաջին հերթին հենց այն կգրավի ձեր ուշադրությունը: - Անկասկած, ես կխոսեմ նրանց հետ:
- Շատերը կարծում են, որ ինքնավար կառավարմամբ մեքենաների արտադրությունը կատարյալ դարձնելու համար դեռ տարիներ են պետք: Ո՞րն է Ձեր տեսլականը: - Կա երեք հիմնական բան, որ պետք է հաշվի առնել: Առաջինն այն է, որ տեխնոլոգիան ինքնին պետք է լավը լինի, եւ կարծում եմ՝ մենք այս ուղղությամբ նկատելի հաջողություններ ենք գրանցում: Երկրորդը՝ ընթացիկ կանոնակարգերն են, իսկ երրորդը այն, որ մարդիկ պետք է ընդունեն այդ տեխնոլոգիան: Ոչինչ տեղի չի ունենա, եթե մարդկանց մոտ չլինի նման մեքենաներ վարելու կամ դրանցով տեղաշարժվելու ցանկություն: Կարծում եմ՝ այս երեք կետերը միավորելու եւ դրանցով աշխատելու համար մի փոքր ժամանակ է պետք:
Այսօր ինքնավար կառավարման որոշակի քանակով մեքենաներ աշխատում են Պիտսբուրգում: Մարդիկ տեղաշարժվում են դրանցով եւ կարծես թե գոհ են: Մեքենաների վարկանիշները բավական բարձր են:
Ամեն դեպքում մեքենայում կա նաեւ անվանգության վարորդ, որը հետեւում է, որ ամեն ինչ նորմալ ընթանա, պատասխանում է առաջացող հարցերին, նշումներ անում, եթե որեւէ բան այն չի լինում, սակայն հիմնականում այդ վարորդները որպես դիտորդներ են մնում:
Րաֆֆի Գրիգորյանի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը