Ստամբուլում նախօրեին ամփոփվել է Startup Istanbul տարածաշրջանային ստարտափ մրցույթը:

Itel.am-ը Startup Istanbul-ի շրջանակում զրուցել է ամերիկյան ամենահայտնի աքսելերատորներից մեկի` Y Combinator-ի գործընկեր Ադորա Չունգի հետ, որը նաեւ ֆորումի խոսնակներից էր:

Ադորա Չունգը հիմնադրել է Homejoy օնլայն հարթակը, որը հինգ տարում ստացել է $64.2 մլն ներդրում, սակայն հետագայում հանդիպելով խոչընդոտների՝ փակվել է:

-Նկատել եմ, որ հայկական ստարտափների մի մասը պարզապես վախենում է դիմել Y Combinator-ին` դա համարելով շատ լուրջ քայլ: Ի՞նչ կասեք այս առումով:

-Իսկ ինչո՞ւ են վախենում: Մեզ դիմելուց պետք չէ վախենալ: Հայտը լրացնելու գործընթացն ինքնին շատ լավ տարբերակ է՝ ավելի խոր մտածելու սեփական բիզնեսի առանձնահատկությունների մասին: Եթե չփորձեն, երբեք չեն հասնի արդյունքի: Մեր ստարտափների առնվազն 50 տոկոսը գոնե մեկ անգամ մերժվել է նախկինում: Այստեղ համառություն եւ անընդհատ փորձել է պետք: Սա Սիլիկոնյան հովիտ գալու լավ հնարավորություն է, եւ կարծում եմ՝ շատ հայկական ստարտափներ կցանկանան գործել Սիլիկոնյան հովտում:


-Ծրագրո՞ւմ է արդյոք Y Combinator-ը մոտ ապագայում ինֆո տուր կազմակերպել Հարավային Կովկասում, մասնավորապես` Հայաստանում:

-Հետաքրքիր միտք է: Պետք է նշեմ, որ տարվա մեջ շուրջ 6 ամիս մենք անցկացնում ենք Սան Ֆրանցիսկոյում, իսկ մնացած 6 ամիսը՝ մեծամասամբ ճանապարհորդում աշխարհում, քանի որ շատ հիանալի գաղափարներ գալիս են հենց այլ երկրների ստարտափ էկոհամակարգերից:

Կարծես թե մեծ հետաքրքրություն կա Y Combinator-ի նկատմամբ ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում: Այնպես որ, եթե Հայաստանում կան հետաքրքրված շրջանակներ, թող կապ հաստատեն մեզ հետ, եւ կքննարկենք հնարավոր տարբերակները:

Ադորա Չունգի հետ զրուցել է Նարինե Դանեղյանը

2016թ. հոկտեմբերի 6-10-ը Հայաստանը ներկայացնող 10 ստարտափների ներկայացուցիչներ հնարավորություն են ունեցել մասնակցելու StartupIstanbul տարածաշրջանային ֆորումին՝ Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով:

«Ձեռներեցների փոխայցելություն» նախագիծը նպատակ ունի համագործակցության նոր հնարավորություններ ստեղծել Հայաստանի եւ Թուրքիայի տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ոլորտի ձեռներեցների, ծրագրավորողների, դիզայներների, վաճառքի մասնագետների, արտադրողների եւ ստարտափների միջեւ:

«Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագիրն իրականացնում է Հայաստանի եւ Թուրքիայի ութ հասարակական կազմակերպություններից բաղկացած կոնսորցիումը` Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ: