11:22 | 06.10.16 | Նորություններ | 10985

Յանդեքսը Հայաստանում ծրագրավորման դպրոց կբացի

Յանդեքսը Երեւանում Ծրագրավորման դպրոց կբացի բարձր դասարանների աշակերտների համար: Այս կրթական ծրագիրը նախատեսված է 8-ից 10-րդ դասարանցիների համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել ծրագրավորման հմտություններ: Ձեռք բերված գիտելիքները նրանք կկարողանան կիրառել կյանքի տարբեր ոլորտներում՝ ծրագրավորող դառնալը պարտադիր չէ:

Ծրագրավորման դպրոցը անվճար դասընթաց է, որը կազմված է թեմատիկ դասախոսություններից ու ծրագրավորման սեմինարներից: Ուսուցումը կազմակերպվելու է Python-ի օրինակով. այս լեզուն թույլ է տալիս լուծել բազմաթիվ խնդիրներ եւ դրա պահանջարկը շուկայում աստիճանաբար աճում է:

Ուսուցման ծրագիրը մշակվել է Յանդեքսի Տվյալների վերլուծության դպրոցում, որի շրջանավարտները բարձր են գնահատվում ՏՏ շուկայում: Յանդեքսը զբաղվելու է դասախոսների ընտրությամբ եւ պատրաստմամբ, ինչպես նաեւ հրավիրելու է ոլորտի լավագույն մասնագետներին Հայաստանից, Ռուսաստանից եւ այլ երկրներից դասախոսություններ կարդալու համար:

«Հայաստանյան ծրագրավորողները աշխատում են աշխարհի լավագույն ՏՏ ընկերություններում, շատերը մեծ հաջողությունների են հասել: Մենք համոզված ենք, որ ապագա հայ ծրագրավորողները մեծ հեռանկարներ ունեն: Բոլոր ամենաառաջադեմ գաղափարներն ու նախագծերը, ինչպիսիք են ռոբոտների եւ անօդաչու տրանսպորտի ստեղծումը, արհեստական ինտելեկտի զարգացումը, չեն կարող իրականացվել առանց ծրագրավորողների մասնակցության: Մենք ցանկանում ենք պայմաններ ստեղծել, որպեսզի հայ դպրոցականները կարողանան իրենց ուժերը փորձել այս մասնագիտության մեջ եւ հետագայում գիտակցված ընտրություն կատարեն», - ասել է Յանդեքս.Տաքսի-ի գլխավոր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը:

Դասերը կմեկնարկեն 2017 թ. հունվարին եւ կանցնեն դպրոցից ազատ ժամանակ: Դպրոցականների ընդունելությունը մեկնարկելու է դեկտեմբերի 12-ին եւ անցկացվելու է մրցույթի միջոցով: Երեխաները պետք է հաջողությամբ հաղթահարեն օնլայն թեստավորումը եւ դեմ առ դեմ հարցազրույցը, որոնց ընթացքում նրանց առաջարկվելու են տրամաբանական, մաթեմատիկական եւ ծրագրավորման հետ կապված խնդիրներ: Մրցույթին մասնակցելու վերաբերյալ դպրոցականներին հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի:

Յանդեքսը երկար տարիներ զբաղվում է ՏՏ ոլորտի մասնագետների պատրաստմամբ: 2007 թ. ընկերությունը ստեղծել է Տվյալների վերլուծության դպրոցը, որտեղ դասավանդում են մեքենայական ուսուցում (machine learning), համակարգչային տեսողություն, տեքստերի վերլուծություն եւ այլն: Ընկերությունը կարող է օգտագործել իր  ակադեմիական նախագծերի լավագույն կրթական փորձը: Իր գոյության առաջին իսկ տարիներից Յանդեքսը աջակցել է եւ շարունակում է աջակցել մաթեմատիկա-ինժեներական դպրոցին՝ բարձրագույն, միջնակարգ եւ լրացուցիչ կրթության շրջանակներում: