15:34 | 23.09.16 | Նորություններ | 3373

Երեւանում կայացել է «Մայքրոսոֆթը բիզնեսի համար» կոնֆերանսը

Այսօր Երեւանում կայացել է «Մայքրոսոֆթը բիզնեսի համար» (Microsoft for Business: Productivity, Innovation, Security) կոնֆերանսը, որի շրջանակում գործարար աշխարհի ավելի քան 120 ներկայացուցիչ քննարկել է բիզնեսի ժամանակակից միտումները ամպային տեխնոլոգիաների դարում:

««Արդյունավետություն, նորարարություն եւ անվտանգություն» խորագրով կոնֆերանսին մասնակցող ընկերությունների տնօրենները, ՏՏ եւ մարդկային ռեսուրսների ղեկավարները ծանոթացել են բիզնեսի տեխնոլոգիական վերազինման նորագույն մոտեցումներին եւ իրենց հուզող հարցերի պատասխանները ստացել են Հայաստան ժամանած «Մայքրոսոֆթ» եւ «Սոֆթլայն» ընկերությունների առաջատար մասնագետներից»,- ասված ընկերության տարածած հաղորդագրությունում:

Համաժողովի շրջանակում քննարկվել են նաեւ այն գործիքներն ու ծրագրային լուծումները, որոնք բարձրացնում են աշխատանքի արդյունավետությունն ու անվտանգությունը: