16:22 | 30.08.16 | Նորություններ | 3638

    ԱՄՆ-ը մտադիր է հեշտացնել օտարերկրյա ստարտափների գործունեությունը

    ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ադմինիստրացիան ներկայացրել է նոր օրինագիծ, որը հնարավորություն է տալիս արտասահմանյան ստարտափներին ավելի երկար ժամանակով գործունեություն ծավալել ԱՄՆ-ում:

    Recode-ի փոխանցմամբ` փաստաթուղթը պաշտոնապես ներկայացվել է օգոստոսի 26-ին: Այն չի պահանջում Կոնգրեսի հավանությունը, սակայն պետք է անցնի 45-օրյա հանրային քննարկումներ:

    Եթե օրենքն ընդունվի, արտասահմանյան ստարտափները կկարողանան 2 տարի շարունակ օրինական աշխատել ԱՄՆ-ում՝ ստանալով եւս 3 տարով վիզան երկարացնելու հնարավորություն:

    Նման թույլտվություն ստանալու համար այլ երկրի քաղաքացին պարտավոր է սեփականատերը լինել ԱՄՆ-ում հիմնադրված ստարտափի առնվազն 15 տոկոսին: Ստարտափը պետք է ստացած լինի կամ կառավարական դրամաշնորհ (առնվազն $100 հազ.) կամ առնվազն $345 հազ-ի ներդրումներ՝ հաջողակ նախագծերի պորտֆոլիո ունեցող որեւէ հիմնադրամից: Ստարտափը պետք է ունենա արագ աճի ներուժ եւ աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն:

    Պարբերականը նշում է, որ Օբամայի ադմինիստրացիան ձախողելով Կոնգրեսում ակցկացնել «ստարտափ վիզաների» մասին օրինագիծ-բարեփոխումը, այժմ հանդես է գալիս նմանօրինակ նախաձեռնությամբ:  

    Գաղափարին աջակցել է PayPal-ի համահիմնադիր Մաքս Լեւչինը, որը 1991թ. ԽՍՀՄ-ից տեղափոխվել է ԱՄՆ:
     
    «Ես հավատում եմ, որ ամբողջ աշխարհից խոստումնալից ձեռներեցները, ինչպես որ ես՝ տարիներ առաջ, հնարավորություն կստանան իրենց ներուժն այստեղ՝ ԱՄՆ-ում, զարգացնելու»,- նշել է նա: