16:58 | 12.08.16 | Նորություններ | 2187
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) եւ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի (GTC) կողմից իրականացվող ‹‹Տեխնո ամառային դպրոցի›› շրջանակում գյումրեցի 121 դպրոցական իր ամառային հանգիստը համատեղում է ծրագրավորման դասընթացների հետ:
‹‹Տեխնո ամառային դպրոցի›› նպատակն է մասնակիցներին ծանոթացնել նորարարական տեխնոլոգիաներին, ծրագրավորման գործիքներին, զարգացնել նրանց մոտ տրամաբանական եւ ալգորիթմային մտածողությունը, ամառային արձակուրդները դարձնել հետաքրքիր ու արդյունավետ:
ՁԻՀ-ում նշել են, որ դասընթացները մեկնարկել են հուլիսի 27-ին եւ տեւելու են մինչեւ սեպտեմբերի 1-ը:
‹‹Ընդհանուր հաշվով ունենք 121 մասնակից, այդ թվում դպրոցական հանրապետական օլիմպիադայի հաղթողներ, ոսկե մեդալակիրներ: C++, Java եւ Python-ի դասընթացները նախատեսված են ավագ դպրոցի աշակերտների համար, իսկ Ms Office, Inet եւ Kodu դասընթացները՝ 8-15-ների համար: Ծրագրի վերջում երեխաները կունենան բավարար գիտելիքներ ու հմտություններ ՏՏ ոլորտում իրենց դրսեւորելու համար››,- նշել է ՁԻՀ ծրագրերի մենեջեր Մարիամ Նահապետյանը:
ՁԻՀ-ի կողմից հիմնված ինովացիոն գրեթե բոլոր կենտրոններում, այդ թվում՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կոնտրոնում, Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնում, Վանաձորի եւ Գյումրու տեխնոլոգիական կենտրոններում, նախաձեռնվել են ամառային դպրոցներ աշակերտների համար: