15:10 | 10.08.16 | Նորություններ | 66425

Հայկական ստարտափը դարձել է World Startup Cup-ի մրցանակակիր

Hy Pictures մեդիա արտադրող հայաստանյան ընկերությունն իր «ՆոլաԼենդ» նախագծով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Վաշինգտոնում կայացած World Startup Cup 2016-ի եզրափակչում:

Առաջին հորիզոնականը զբաղեցրել է Մարոկկոն ներկայացնող GoMobile-ը, իսկ երկրորդ տեղում երաժշտություն հեռարձակող Patari ստարտափն է (Պակիստան):

Hy Pictures-ը հիմնադրվել է որպես ֆիլմ արտադրող ընկերություն եւ համապրոդյուսեր դարձել մի շարք ֆիլմերի, որոնցից է Վահրամ Մխիթարյանի «Կաթնեղբայրը»: Այժմ ընկերության նախագծերը հիմնականում տրանսմեդիա ուղվածության են:

«ՆոլաԼենդ»-ի առաջին փուլը հայկական գրականության վրա հիմնված երեք գրաֆիկական նովելների արտադրությունն է: Թիմը բնորոշում է իր նախագիծը որպես հայ գրականության կոմիքսիֆիկացում:

Կոմիքսները լույս են տեսնելու երեք լեզուներով` արեւելահայերեն, արեւմտահայերեն եւ անգլերեն: Առաջնային թիրախում հայաստանցի եւ սփյուռքահայ երիտասարդներն են, իսկ որպես հետագա զարգացում նախատեսում են ներգրավել նաեւ այլ երկրների պատանիներին:

Վաշինգտոնում հայկական պատվիրակության կազմում են եղել նաեւ Armenia StartUp Cup 2015թ. գլխավոր հովանավոր «Այ Էյ Բի» բիզնեսի միջազգային ակադեմիան, հայկական ստարտափներ եւ ձեռնարկատիրական էկոհամակարգի ներկայացուցիչներ, հրեշտակ ներդրողներ, վենչուրային մասնագետներ եւ այլն:

Առաջին World StartUp Cup-ն անցկացվել է Երեւանում 2014թ.: