12:53 | 25.07.16 | Նորություններ | 4806

    Verizon-ը գնում է Yahoo-ն $4,8 մլրդով

    Ինտերնետ ծառայություններ մատակարարող ամերիկյան Verizon Communications-ը եւ Yahoo-ն այսօր հայտարարել են, որ կնքել են համաձայնություն, ըստ որի՝ Yahoo-ն Verizon-ին կվաճառվի $4,83 մլրդ կանխիկ գումարով:

    Yahoo-ն այս գործարքի արդյունքում կինտեգրվի AOL մեդիա կորպորոցիային, որը Verizon-ը գնել էր անցած տարի $4,4 մլրդով: Verizon-ը սակայն կշարունակի պահել Yahoo բրենդը:

    Forbes-ը, անդրադառնալով գործարքին, հիշեցնում է, որ «Yahoo-ն մի ժամանակ ինտերնետի արքան էր՝ $125-միլիարդանոց «ռնգեղջյուր», որը նույնքան վիթխարի էր, որքան այսօր Facebook-ը կամ Google-ն են»:

    Պարբերականի բնորոշմամբ՝ այս գործարքը «Սիլիկոնյան հովտի ամենաառաջին եւ կարեւոր ընկերություններից մեկի անկախության ավարտն է»:

    Yahoo ամերիկյան անդրազգային համացանցային կորպորացիան ստեղծվել է 1994թ. հունվարին՝ Սթենֆորդի համալսարանի շրջանավարտներ Ջերի Յանգի եւ Դեյվիդ Ֆիլոյի կողմից։