07:59 | 15.07.16 | Նորություններ | exclusive 8044
ՎիվաՍել-ՄՏՍ-ը մեկնաբանել է Ռուբեն Վարդանյանի հարցազրույցը` Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (Foundation for Armenian Science and Technology-FAST) գործարկման մասին:
Խոսելով հիմնադրամի մասին, Ռուբեն Վարդանյանը, մասնավորապես, ասել էր.
«Խոսքը պետք է գնա յուրատեսակ «լայն կոալիցիայի» մասին, որի մասնակիցները կլինեն կրթական կազմակերպությունները, առաջատար ՏՏ-ընկերությունները եւ մասնագիտական միավորումները, կապի օպերատորները»:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում նշել են, որ երկրի կայուն զարգացմանն ուղղված երկարաժամկետ յուրաքանչյուր նախաձեռնություն ողջունելի եւ գնահատելի է:
«Մենք պատրաստ ենք քննարկել Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամի (FAST) հետ գործակցության ձեւաչափն ու կոնկրետ առաջարկները, երբ հիմնադրամի գաղափարն ու օրակարգը ձեռք կբերեն հստակ բովանդակություն»,- նշել են ընկերությունում:
ՎիվաՍել-ՄՏՍ-ում ընդգծել են, որ ընկերությունն իր հիմնադրման օրվանից իրականացրել է ռազմավարական նշանակության երկարաժամկետ ծրագրեր՝ առաջնորդվելով երկրի կայուն զարգացման տեսլականով:
«Որքան շատ նախաձեռնություններ կյանքի կոչվեն եւ տարբեր ոլորտներ ընդգրկվեն լայնամասշտաբ ծրագրերում, այնքան ավելի շատ հնարավորություններ կստեղծվեն համագործակցության համար՝ ի բարօրություն մեր հասարակության: ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործունեության առաջին իսկ օրվանից առաջնորդվել է այդ տրամաբանությամբ: 2006-2016 թթ. ընթացքում մենք կատարել ենք ավելի քան 1 միլիարդ դրամի ներդրում ՏՀՏ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնություններում:
Մասնավորապես, աջակցություն ենք ցուցաբերել Հայաստանի մի շարք կրթական հաստատություններում գործող «ԱրմՌոբոտիկս» ռոբոտաշինական խմբակներին, դպրոցներում եւ համալսարաններում խթանել ՏՀՏ կրթության մակարդակի բարձրացմանն ուղղված ծրագրերը, ժամանակակից սարքավորումներ տրամադրել եւ ՏՀ ենթակառուցվածք ապահովել ուսումնական հաստատություններում: Աջակցել ենք նաեւ Բյուրականի աստղադիտարանի արդիականացմանը, մի շարք համայնքներում արեւային էներգիայով սնուցվող համակարգերի տեղադրմանը, համակարգչային սարքավորումներ ենք տրամադրել միկրոէլեկտրոնիկայի ուսումնական կենտրոններին, աջակցել ենք միկրոէլեկտրոնիկայի օլիմպիադաների անցկացմանը եւ այլն»,- նշել են ընկերությունում: