07:20 | 07.07.16 | Նորություններ | 2205
2015թ. hուլիսից մինչեւ 2016թ. hուլիսը Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) Լոռու եւ Շիրակի մարզերում իրականացրել է ծրագրավորման, մուլտիմեդիայի, համակարգչային ճարտարագիտության եւ գործարար անգլերենի դասընթացներ՝ ուղղված մարզերում տեխնոլոգիական ոլորտի մտածելակերպի ձեւավորմանը, ինովացիոն մշակույթի զարգացմանը, ինչպես նաեւ երիտասարդներին դեպի տեխնոլոգիական ոլորտ ուղղորդմանը։
Դասընթացները կազմակերպվել են Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոններում՝ Հայ օգնության ֆոնդի, Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի, Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի եւ Եռաչափ մոդելավորման ուսումնական կենտրոնի հետ համատեղ:
ՁԻՀ-ում նշել են, որ կրթական ամբողջ գործընթացը հիմնված է գործնական ուսուցման վրա։ Դասընթացների արդյունքում 345 երիտասարդ Շիրակի մարզից եւ 285-ը՝ Լոռու մարզից ձեռք են բերել ծրագրավորման ոլորտի գործնական գիտելիքներ, իսկ լավագույն առաջադիմություն ունեցողները հնարավորություն են ունեցել պրակտիկա անցնելու Գյումրիում եւ Վանաձորում գործող ՏՏ ընկերություններում: Ուսումնական ծրագիրը կազմված էր Հայաստանում առկա թափուր աշխատատեղերի եւ մասնագետների պահանջարկի հիման վրա, իսկ դասախոսները ոլորտի ընկերությունների գործող մասնագետներ էին:
Կրթական ծրագիրն արդեն իսկ գրանցել է իր հաջողությունները, մասնավորապես որակյալ մասնագետների առկայությունը Վանաձոր ու Գյումրի են ներգրավել Երեւանում գործող մի շարք ընկերությունների: Ծրագրի ավարտին Գյումրիում իրենց մասնաճյուղերն են հիմնել Սիներջի Ինթըրնեշընլ Սիսթըմզ եւ ՎՕԼՕ ընկերությունները, իսկ Վանաձորում մասնաճյուղերի հիմնմանն ընդառաջ նեղ մասնագիտական դասընթացներ են սկսել ԱՅԹԻ Մարկետինգ եւ ԷՅԴԻՍԻ ընկերությունները։
ՀՀ երկրորդ եւ երրորդ քաղաքներում անվճար դասընթացների ավարտը կազդարարվի ավարտական աշխատանքների ներկայացման եւ վկայականների հանձման արարողություններով։ Գյումրիի եւ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնների ուսանողներից լավագույնները ներկայացնելու են քաղաքների կրթական, մշակութային, հասարարական եւ այլ կազմակերպությունների համար տեխնոլոգիական լուծումներ:
Վկայականների հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 16-ին Գյումրիում եւ հուլիսի 23-ին՝ Վանաձորում: