07:41 | 13.06.16 | Հոդվածներ | exclusive 6407

HiTabs-ը կօգնի մեկ վայրում պահել կարեւոր օնլայն հղումները

Հայ մասնագետների մշակած HiTabs-ը բրաուզերում յուզերի ընտրած հղումների (bookmark) եւ օգտակար այլ ռեսուրսների պահպանման, փոխանակման եւ տարածման օնլայն հարթակ է:

Հարթակը հիմնադրվել է այս տարի՝ Կոլյա Թեւոսյանի կողմից, իսկ նախագծի մշակումն իրականացրել է Դավիթ Հովսեփյանը:

HiTabs-ի ներկայացուցիչ Հեղնար Գասպարյանը Itel.am-ին պատմել է, որ 8-հոգանոց թիմը աշխատում է Հայաստանից եւ ԱՄՆ-ից:

«Սկզբում ցանկանում էինք ինքներս մեզ համար փոքրիկ գործիք ստեղծել, որը հնարավորություն կտար պահպանել մեզ հետաքրքրող հղումները: Հետո մտածեցինք, որ այս նախագիծը կարող է միլիոնավոր մարդկանց օգնել խուսափել բրաուզերի թաբերի առաջացրած խառնաշփոթից: Այնպես որ, HiTabs-ի գլխավոր նպատակն է ստեղծել միջավայր, որտեղ յուրաքանչյուրը կկարողանա հավաքել իր համար օգտակար եւ կարեւոր հղումները»,- ընդգծել է Հեղնար Գասպարյանը:

HiTabs-ն աշխատում է՝ հիմնված օգտատերերի գործողությունների վրա: Յուրաքանչյուր թեմա առանձնացվում է հատուկ ենթաբաժնում եւ ներկայանում առանձին ներդիրով (tab): Օգտատերերն ունեն հնարավորություն ստեղծելու իրենց սեփական դիզայնը, խմբավորելու ներդիրները:
 
Հեղնար Գասպարյանի խոսքով՝ չնայած նրան, որ որոշ գործառույթներ հասանելի են առանց գրանցման, այդուհանդերձ, գրանցման գործընթացը հնարավորություն է տալիս օգտվել ավելի շատ գործառույթներից:

«Թիրախային լսարան որպես այդպիսին չունենք, քանի որ հարթակն օգտակար կարող է լինել բոլոր նրանց համար, ովքեր ինտերնետ են օգտագործում»,- նշել է Հեղնար Գասպարյանը:

Նրա խոսքով՝ Hitabs-ի մոբայլ հավելվածի մշակումը թիմի ապագա պլաններում է, իսկ մինչ այդ նրանք կաշխատեն հարթակի գործառույթների բարելավման ուղղությամբ:

«Սկզբում պետք է ավելացնենք օգտատեր/թեմա/ ներդիր որոնելու հնարավորությունը, այնուհետ՝ ներդնենք խմբային աղյուսակների գործառույթը, որի միջոցով խմբի ցանկացած անդամ կկարողանա փոխել կամ ավելացնել հղումները»,- ամփոփել է HiTabs-ի ներկայացուցիչը: 

Նարինե Դանեղյան