14:06 | 24.05.16 | Նորություններ | 5548

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է Արագածոտնում

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության արդյունքում, 2015թ. 10 ընտանիքի բնակարանի խնդիր է լուծվել Արագածոտնի մարզի Մելիք, Ուջան, Կաքավաձոր, Շղարշիկ, Գետափ համայնքներում:

Ընթացիկ տարում այս մարզից եւս 4 ընտանիք է ընդգրկվել ծրագրում: Դրանցից 2-ը՝ Ավան համայնքում:

Համագործակցող կողմերի ղեկավարներն ու աշխատակիցներն Ավան համայնքում մասնակցել են Սարգսյանների ընտանիքի կիսակառույց տան շինարարությանը:

Կամավորներն ընտանիքին օգնել են ծածկի բետոնացման աշխատանքները կատարելու հարցում:

«Դժվարությունը, խնդիրները ստիպում են ամրանալ եւ պայքարել՝ հաջողության հասնելու համար: Սա կյանքի փորձով ապացուցված ճշմարտություն է: Բայց երբ այդ խնդիրները դառնում են տեւական՝ թուլանում է նպատակին հասնելու կամքը: Նման դեպքերում՝ ցանկացած աջակցություն կարեւոր ու անգնահատելի է դառնում: Բնակարանաշինության ծրագրով մենք այդ աջակցող ձեռքի դերն ենք ստանձնում: Պիտի ասեմ, որ այս ծրագրի շնորհիվ իրականացվում է ոչ պակաս կարեւոր եւս մեկ առաքելություն. Կամավորության գաղափարի շուրջ համախմբվելու ձգտումը: Արդյունքում երջանկության զգացում է ապրում եւ՛ ամուր տանիքի տակ հայտնված ընտանիքը, եւ՛ նրան այդ հնարավորությունն ընձեռող կողմը: Ուրախ եմ այս համագործակցության եւ աշխատակիցների պատրաստակամության համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: