06:24 | 06.05.16 | IT պատանիներ | exclusive 9107

IT պատանիներ. Տիգրան Օհանյան

Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:

Մեր օրերում Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:

Itel.am-ը նոր շարք է սկսում, որում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:

Երեւանից 15-ամյա Տիգրան Օհանյանը «Թումո»-ում web development է ուսումնասիրել՝ մասնակցելով կայքերի, ինչպես նաեւ խաղերի ստեղծման տարբեր դասընթացների: Իսկ «լրացված իրականության» դասընթացին մասնակցելու արդյունքում թիմով ստեղծել են վիրտուալ իրականությունը պատկերող հավելված:
 
Ընկերներս սպասում են, թե երբ պատրաստ կլինի իմ նոր խաղը

Ինքս պատրաստել եմ կայք՝ խաղի տեսքով: Խաղը մոլորակների եւ ընկերների մասին է: Facebook-ով մուտք գործելու դեպքում մոլորակների փոխարեն հայտնվում են ընկերների լուսանկարները, որոնց կարող եք «ոչնչացնել»: Վերջում սոցցանցերով կարող եք տարածել, թե որ ընկերներին եք «սպանել»:


Տիգրան Օհանյանը

Տեխնոլոգիաներով հետաքրքրվում եմ մանկուց, ինչը սկսվել է զուտ համակարգիչների հանդեպ հետաքրքրությունից: Հաճախում եմ սովորական դպրոց, սիրում եմ ինֆորմատիկա եւ մաթեմատիկա առարկաները: Դասընկերներս գիտեն, որ զբաղվում եմ խաղերի ծրագրավորմամբ: Անհամբեր սպասում են, թե երբ դուրս կգա իմ նոր խաղը, որ խաղան:

Ընտրելու եմ «վեբ ծրագրավորում» մասնագիտությունը: Կրթությունս ցանկանում եմ դրսում շարունակել՝ երեւի Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում: Թե որ համալսարանում՝ դեռ չեմ որոշել:


Տիգրան Օհանյանը
Լավ ծրագրավորող դառնալու համար պինդ նյարդեր են հարկավոր

Սա կարեւոր է հատկապես այն իրավիճակներում, երբ պատվիրատուի հետ թյուրըմբռնման պահեր են առաջանում: Կարեւոր է նաեւ արագ մտածելու կարողությունը, որպեսզի կարողանաս հասկանալ լսարանի պահանջները եւ դրանց հիման վրա պրոդուկտ ստեղծես:

ՀՀ-ում խաղերի ստեղծման ոլորտի զարգացման համար կառաջարկեի ստեղծել կորպորացիա, որտեղ կաշխատեին ոլորտի լավագույն հայերը: Խելք-խելքի տալով՝ նրանք կնպաստեին, որ Հայաստանն ավելի մեծ թվով խաղեր արտադրեր:

10 տարի անց ինձ տեսնում եմ հայտնի որեւէ կորպորացիայում աշխատելիս: Օրինակ՝ Google-ում կամ Unisoft-ում:


Տիգրան Օհանյանը
Բլից հարցեր՝

-Բակում ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:
 
- Միանշանակ տանը համակարգչային խաղ, օրինակ՝ Counter-Strike:

- Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:

- Կսպանեի այն մարդուն, որը վերացրել է դրանք (Ծիծաղում է – խմբ.):

- Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:

- Կներդնեի Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացման գործում:

- Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:

- Կնախընտրեի տանը մնալ եւ հանգստանալ: Դա լավագույն հանգիստն է:

- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:

- Ճիշտն ասած՝ որեւէ մեկի հետ չէի ցանկանա ճաշել: Եթե ինձ ինչ-որ հարց է հուզում, միանգամից Google-ին եմ հարցնում: Google-ին վստահել կարելի է, այն որոշ մարդկանց նման, նախանձից ելնելով, չի խաբի:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի