Արտավազդ Հովակիմյանը
07:32 | 29.04.16 | IT պատանիներ | exclusive 6635
Ապացուցված է, որ տեխնոլոգիաների հանդեպ սերը ծնվում է մանկուց: Այսօր աշակերտները դպրոց են հաճախում սմարթֆոնով, իսկ դասերը պատրաստում՝ պլանշետով:
Այսօր Հայաստանում շատ են պատանիները, որոնք սմարթֆոն եւ պլանշետ օգտագործելուց բացի, իրենք են փորձում ինչ-որ բան ստեղծել՝ խաղ, հավելված կամ ծրագիր:
Itel.am-ը նոր շարք է սկսում, որում ներկայացնում է վաղ տարիքից տեխնոլոգիաներով հետաքրքրվող եւ այս ոլորտում պրոդուկտ ստեղծող հայ պատանիների:
16-ամյա Արտավազդ Հովակիմյանը Երեւանից է: Խաղերի ծրագրավորմամբ զբաղվում է «Թումո» կենտրոնում:
Տեխնոլոգիաները ստիպում են մտածել
Գեյմինգի ոլորտում առաջին փորձս եղել է 2014թ. փետրվարին, երբ խաղերի պատրաստման վորքշոփի ժամանակ 5-հոգանոց թիմի կազմում խաղ եմ պատրաստել:
2014թ. դեկտեմբերին էլ մասնակցել եմ «Թումո»-ի Game competition-ին: Մեր 4-հոգանոց թիմը Unreal Engine 4 խաղային շարժիչով խաղ էր պատրաստել: Unreal Engine 4-ը, որը ներկայում ամենահզոր շարժիչներից մեկն է համարվում, այն ժամանակ դեռ «բետա» տարբերակով էր: Ճիշտ է՝ մրցույթում չհաղթեցինք, սակայն դա լուրջ փորձ էր: Unreal Engine 4-ով պատրաստված խաղերը հրապարակելու համար մեծ գումարներ են պետք:
Արտավազդ Հովակիմյանը
Տեխնոլոգիաները, ընդհանրապես, ստիպում են մտածել: Այս ընթացքում մասնակցել եմ մի քանի այլ խաղային վորքշոփերի եւ պրոդուկտներ մշակել:
Մեր Game Engine թիմը հաղթել է նաեւ «Հեքըթոն [ՅԱՆ] մանկություն 2015» մրցույթում:
Նոր ծրագրեր
Ներկայում աշխատում եմ մի մեծ նախագծի վրա, որը պատրաստվում ենք մինչեւ վերջ տանել: Խաղ է՝ նախատեսված Android սարքերի համար, թեմատիկան տիեզերքն է: Պլանավորում ենք խաղը ներկայացնել մոտ 2 ամսից:
Ես 4 տարի է՝ ինչ գիտակցում եմ, որ սա է իմ ճանապարհը: Մյուս ոլորտներն ինձ չեն հետաքրքրել:
Հիմա միաժամանակ սովորում եմ ՀՊՃՀ քոլեջում եւ հանրակրթական դպրոցում: Քոլեջում՝ բարձր առաջադիմությամբ, դպրոցում՝ միջին: Հիմնականում տեխնիկական առարկաներ եմ սիրում:
Արտավազդ Հովակիմյանը
Դասընկերներս գիտեն, որ խաղերի մշակմամբ եմ զբաղվում, աջակցում են, նույնիսկ իրենք են հորդորում, որ նստեմ ու հերթական խաղի վրա աշխատեմ: Ասում են՝ արագ ավարտիր, որ վերջում արդյունքը՝ քո պատրաստած խաղը տեսնենք:
Պատրաստվում եմ ամեն ինչ ինքնուրույն սովորել
Մասնագիտությանս ընտրության հարցում չեմ տատանվում: Ընտրելու եմ ծրագրավորում/ խաղերի ստեղծում մասնագիտացումը: Այդ ամեն ինչը պատրաստվում եմ ինքնուրույն սովորել: Ցանկանում եմ կրթությունս դրսում շարունակել: Կցանկանայի սովորել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (MIT):
Ծնողներս մասնագիտությանս ընտրության հետ համաձայն են, ուղղակի եթե սկզբում ասում էին ընտրիր այն, ինչ ուզում ես, ապա հիմա հավելում են՝ ավելի քիչ նստիր համակարգչի դիմաց:
Արտավազդ Հովակիմյանը
Ստիպված ես անընդհատ ինքնուրույն փորձակումներ կատարել
Լավ ծրագրավորող դառնալու համար հարկավոր է առաջինը՝ ինքնուրույն սովորել՝ չլսելով, թե ինչ են քեզ ասում քոլեջներում ու համալսարաններում: Հարկավոր է նյարդերն անջատել ու մեծ ժամանակ տրամադրել քո մասնագիտությանը: Ստիպված ես անընդհատ ինքնուրույն փորձակումներ կատարել…
Եթե քո առաջ նպատակ ես դրել, ապա այն իրագործելով՝ նոր նպատակ ես սահմանում եւ այդպես շարունակ: Ես ապրում եմ ինձ համար եւ զարգացնում այն, ինչ ինքս եմ ստեղծում:
Բլից հարցեր.
-Ո՞րտեղ ես քեզ տեսնում 10 տարի անց:
-Game development-ով զբաղվող որեւէ ընկերությունում: Երկրի ընտրությունը կախված է նրանից, թե որտեղ տեղակայված կլինի այդ ընկերության կենտրոնական գրասենյակը:
-Բակում ֆուտբո՞լ, թե՞ տանը՝ համակարգչային խաղ:
-Տանը համակարգչով խաղալ, օրինակ՝ Battlefield. դա իմ սիրելի խաղն է: Ի դեպ, փոքր տարիքում բակ հաճախ էի իջնում, հիմա արդեն՝ ոչ:
- Աշխարհի երեսից վերացել են համակարգիչներն ու սմարթֆոնները, ի՞նչ կանեիր:
-Game console-ները մնացել են, չէ՞: Եթե այնուամենայնիվ, չեն մնացել, ապա ամեն ինչ սեփական ձեռքերով զրոյից կսարքեի:
-Ինչի՞ վրա կծախսեիր վաստակածդ առաջին միլիոնը:
-«Մուստանգ» ավտոմեքենա կգնեի, ծովի ափին լավ տուն ու հզոր խաղային սենյակ (game room) կպատրաստեի:
-Արձակուրդ Սիլիկոնյան հովտո՞ւմ, թե՞ հանգիստ Մալդիվյան կղզիներում:
- Մալդիվյան կղզիներ, եթե կա լավ ինտերնետ եւ համակարգիչ (ծիծաղում է – խմբ.):
- ՏՏ ո՞ր հայտնի դեմքի հետ կցանկանայիր ճաշել:
- Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի հետ կգնայինք իմ ընտրած ռեստորանը ու կպատվիրեինք հետաքրքիր ուտելիք, օրինակ ճապոնական խոհանոցից: Ճաշի ընթացքում նրան կփորձեի համոզել, որ իմ պրոյեկտում ներդրում անի:
Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի