05:43 | 02.05.16 | Նորություններ | 3818

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գրասենյակում բացվել է աուտիզմով երեխաների նկարների ցուցահանդես

Աուտիզմի իրազեկման միամսյակի շրջանակում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնը» կազմակերպել են ցուցահանդես:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային մասնաշենքում ցուցադրվել է 28 լուսանկար, որոնց հեղինակները աուտիզմ ունեցող երեխաներ են: Դրանցում յուրաքանչյուրը ներկայացրել է իր պատկերացումներն աշխարհի վերաբերյալ:

2007-ից կենտրոնը սկսել է համագործակցել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ: Կարեւոր համարելով հասարակության այս խմբի հաղորդակցության խնդիրը՝ Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը դարձել է կենտրոն հաճախող երեխաների հիմնական աջակիցը:

2007-2016 թթ. համագործակցության ընթացքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը Երեխաների Զարգացման Միջազգային Կենտրոնին հատկացրել է ավելի քան 151 մլն դրամ:

«Չկա այնպիսի խնդիր, որը լուծում չունենա: Արդյունքի հասնելու համար հարկավոր է պարզապես տիրապետել լիարժեք ինֆորմացիայի եւ համբերատար, հետեւողական քայլերով հասնել արդյունքի: Այս երեխաներն ունեն աշխարհի հետ հաղորդակցվելու իրենց լեզուն: Ցուցադրված նկարներում նրանց ինքնարտահայտումն է՝ կոնկրետ ասելիքով: Անչափ կարեւոր է այն ձեռբերումը, որն արձանագրում են մասնագետները: Երեխաների մոտ նկատվում է վարքի եւ մտավոր ունակությունների աճ, նրանք յուրացնում են հասարակությանն ինտեգրվելու նորմերը, պատրաստ են ընկերական կապեր ստեղծել: Արդեն իսկ կան հանրակրթական դպրոց հաճախողներ: Մեզ համար սա կարեւոր ձեռքբերում է: Այս ծրագրով մենք մերժում ենք անտարբերությունը՝ ուղարկելով հստակ պատգամ. ամեն ինչի հիմքում հաղորդակցության լեզուն է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: