08:45 | 26.02.19 | Տեխնոլոգիաները եւ կանայք | exclusive 51129

Տեխնոլոգիաները եւ կանայք. Եվա Հյուսյան

Եթե մի քանի տարի առաջ Հայաստանում ՏՏ ոլորտի ներկայացուցիչ ասելիս պատկերացնում էիր բացառապես արական սեռի ներկայացուցչի, ապա վերջին շրջանում միջազգային շուկաներում հայկական տեխնոլոգիական պրոդուկտների հաջողությունները, ինչպես նաեւ ստարտափների զարգացմանը նպաստող մեծաթիվ ծրագրերը ոլորտն ավելի գրավիչ են դարձրել նաեւ կանանց համար:

Կո՞դ գրել, զբաղվել պրոդուկտի առաջխաղացմա՞մբ, թե՞ թիմին մեկ այլ բանով օգտակար լինել. հնարավորությունները բազմաթիվ են: 

Itel.am-ը «Տեխնոլոգիաները եւ կանայք» նոր շարքում ներկայացնում է ՏՏ ոլորտում ներգրավված հայուհիներին:

Եվա Հյուսյանը ծրագրավորում սովորեցնող ամենամեծ մոբայլ հարթակի՝ Sololearn-ի համահիմնադիրն է, Մայքրոսոֆթ Հայաստանի եւ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի նախկին տնօրենը:

Կոդ գրել սովորում եմ Sololearn-ով

2010թ. hիմնեցինք Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, եւ այդ պահին դժվար էր պատկերացնել, թե այն ինչով է զբաղվելու: Մեզ համար հետաքրքիր փորձ էր կենտրոնը զրոյից կայացնել, կարելի է ասել՝ այն մեր առաջին ստարտափն էր:

Տարբեր մոդելներ փորձարկելու արդյունքում ստեղծեցինք Հայաստանի առաջին ստարտափ աքսելերատորը: 2014թ. գրեթե միաժամանակ տեղի ունեցավ Sololearn-ի հիմնադրումը եւ Մայքրոսոֆթ Հայաստան տեղափոխվելը: Անչափ հետաքրքիր փորձ էր, սակայն, ստարտափ աշխարհն անչափ ավելի գրավիչ է։ Անցած տարվա նոյեմբերին դուրս եկա այնտեղից:

Sololearn-ում ես համահիմնադիր եմ, ավելի շատ կենտրոնացած եմ բիզնեսի, պրոդուկտի զարգացման, ինչպես նաեւ ներդրողների հետ կապերի հաստատման ուղղությամբ:

Ես կոդ գրել սովորում եմ Sololearn-ով: Չեմ կարող ասել, որ պրոֆեսիոնալ կոդ գրող եմ, սակայն կոդ գրելու տրամաբանությունն ամբողջովին հասկանում եմ:


Եվա Հյուսյանը

Առաջիկայում կոդ գրելը կդառնա անհրաժեշտ հմտություն

Հավատում եմ, որ կոդ գրելը շուտով անհրաժեշտ հմտություն է դառնալու բոլորի համար՝ անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրես: Դա իրենից որոշակի մտածելակերպ է ներկայացնում, օգնում է ավելի արդյունավետ լինել, ավելի արագ անել ինչ-որ բաներ: Մի քանի տարի հետո դա անհրաժեշտ նախապայման կլինի աշխատանքի ընդունվելիս: Չէ՞որ այսօր մարդը շատ ժամանակ է կորցնում ինչ-որ պրոցեսների կազմակերպման վրա, իսկ քեզանից լավ ոչ ոք քո առօրյան չի կարող պատկերացնել, այնպես որ կոդ գրելու մինիմում հմտություններն անհրաժեշտ են դառնում քո աշխատանքն ավելի օպտիմալացնելու եւ ավելի արդյունավետ կազմակերպելու համար: 

ՏՏ-ով զբաղվելը թրենդային է եւ նորաձեւ

Տեխնո ոլորտի մարդիկ իսկապես տարբերվում են: Միտում է նկատվում, որ եթե 10 տարի առաջ ծրագրավորողներին «մի տեսակ էին նայում», ապա այսօր Հայաստանում ՏՏ-ով զբաղվելը թրենդային եւ նորաձեւ է:

Աշխարհն այսօր ղեկավարվում է մարդկանցով, որոնք տիրապետում են տեխնոլոգիաներին: Ստացվում է, որ եթե ամեն մարդ գոնե հասկանա տեխնոլոգիայի հիմունքները, կկարողանա ավելի շատ վերահսկել իր կյանքի եւ տեխնոլոգիաների զարգացումը: 

ՏՏ-ում կանանց փոքր թիվը նույնիսկ առավելություն է

Հայաստանում կին ծրագրավորողները շատ-շատ են, նույնիսկ գերազանցում են այս ցուցանիշով մի շարք զարգացած երկրների:

Կանայք իրենց էությամբ ավելի քիչ ռիսկային են, իսկ ստարտափն ինքնին շատ ռիսկային գործ է:

Չեմ կարծում, որ կանանց մեր երկրում ճնշում են, չեն թողնում ինչ-որ բաների հասնել: Կանանց հաջողության պատմությունների առկայության դեպքում ոլորտում նրանց թիվը հաստատ կավելանա: Մի կողմից մենք քիչ ռիսկային ենք, մյուս կողմից՝ ստրեսակայուն:

Այդ միայն թվում է, որ ջինս ես հագնում, լափթոփը ուսիդ է եւ վերջ: Ես տարբեր միջավայրերում եմ աշխատել կյանքիս ընթացքում, սակայն սեփական ստարտափի վրա աշխատանքը լրիվ այլ բան է: 24 ժամ չես կարողանում անջատվել:


Եվա Հյուսյանը

Այս ոլորտում կանանց շատ լավ են վերաբերվում, երբեք ինձ վատ չեմ զգացել։ Ընդհակառակը՝ բոլորը շատ ավելի պատրաստակամ են օգնում: Եվ քանակով քիչ լինելն այս պահին կանանց համար նույնիսկ առավելություն է (ծիծաղում է – խմբ.):

Տեխնոլոգիական թրենդները՝ աշխատանքային գործիք

Քանի որ իմ աշխատանքի բնույթն այսօր այնպես է, որ Sololearn-ն առկա է բոլոր պլատֆորմների վրա, որեւէ սարքի ամենաթարմ տարբերակը որպես թրենդ կամ նորաձեւություն չեմ դիտարկում: Մենք ընկերությունում ունենք «վերջին տեխնիկան», քանի որ դա մեզ համար աշխատանքային գործիք է:

Հնարավոր է՝ հիմա պայուսակումս 4 հեռախոս գտնեմ (ծիծաղում է-խմբ.): Երբեմն հոգնում եմ եւ որեւէ տեղ ժամանակավոր թողնում դրանք: Հատուկ վերաբերմունք որեւէ սարքի կամ բրենդի նկատմամբ չունեմ, քանի որ գիտեմ յուրաքանչյուրի լավ եւ վատ կողմերը:

Պետք է միշտ թրենդի մեջ լինես

Այս ոլորտը եւ, հատկապես, ստարտափային կյանքն առանձնանում է նրանով, որ սովորելու շատ բան կա: Դու պետք է թրենդի մեջ լինես, անընդհատ կարդաս, փորձես տարբեր բաներ:

ՏՏ ոլորտը նաեւ այն ոլորտն է, որտեղ ցանկացած մասնագիտություն ունի արտահայտման հնարավորություն: Եթե դու անում ես մի բան, որ շատ ես հավանում, ապա քո հաջողվելու հավանականությունը շատ մեծ է:

Եթե ուզում ես մեծ փոփոխություն անել աշխարհում, ապա այսօր առանց տեխնոլոգիաների օգնության դա հնարավոր չէ ՝ անկախ նրանից դիտարկում ենք գյուղատնտեսությունը, կրթությունը, թե երկրի անվտանգության ապահովումը:
 
Հայաստանն այսօր ունի տեխնոլոգիական հաջողակ պատմություններ, որոնց հետեւից կարելի է գնալ եւ ավելիին հասնել, այնպես որ մենք հետ չենք մնում գլոբալ տեխնոլոգիական զարկերակից:

Նարինե Դանեղյան
Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի