12:09 | 15.10.15 | Հոդվածներ | exclusive 38015
787 դասընթաց, 2327 հարցաշար. ծրագրավորում սովորեցնող՝ հայ-ամերիկյան SoloLearn պլատֆորմն ավելի քան 3 միլիոն օգտատեր ունի:
Վեբ տարբերակից բացի՝ SoloLearn-ը հասանելի է Windows Store-ում, Google Play-ում եւ App Store-ում:
Itel.am-ի հետ զրույցում SoloLearn-ի համահիմնադիր Դավիթ Քոչարյանը պատմում է, որ հարթակն ամբողջովին անվճար է: Այստեղ կարելի է շատ կարճ ժամանակահատվածում ծրագրավորման բազային գիտելիքներ սովորել:
«Դեռ մոնետիզացիա չենք անում, դրա փոխարեն աշխատում ենք օգտատերերի մեծ բանակ հավաքելու ուղղությամբ: Ավելի ուշ մոնետիզացիան ինքն իրեն կստացվի: Ամենաշատ օգտատերերն այս պահին ԱՄՆ-ից են, քանի որ պլատֆորմն անգլերեն է: Առաջիկայում նախատեսում ենք այն հասանելի դարձնել նաեւ այլ լեզուներով»,- նշում է նա՝ հավելելով, որ իրենց աջակցում են «Գրանատուս Վենչուրս» հիմնադրամն ու որոշ ներդրող-հրեշտակներ:
Դավիթ Քոչարյանի խոսքով՝ այսօրվա համալսարանները հիմնականում կենտրոնացած են տեսական գիտելիքներ հաղորդելու վրա:
«Բացակայում է ավելի պրակտիկ մասը, ինչը շատ կարեւոր է տեխնիկական մասնագիտությունների, օրինակ՝ ծրագրավորման դեպքում: Համալսարանում ուսանողը կարող է սովորել տեսական ծրագրավորում եւ չունենալ պրակտիկ փորձ: Դա հաշվի առնելով՝ 2013թ. վերջերին որոշվեց ստեղծել կրթական պլատֆորմ, որը նպատակ ուներ ծրագրավորողներին եւ տեխնիկական այլ մասնագետներին պրակտիկ գիտելիքներ հաղորդել»,- պատմում է Դավիթ Քոչարյանը:
Նա հիշում է, որ առաջին դասընթացը եղել է HTML-ը:
«Տեսանյութերը բաժանում էինք մասերի, ստեղծում կարճ հարցաշարեր. 30-40-վայրկյանանոց տեսանյութին հաջորդում էին թեմային առնչվող հարցեր: Հարցերն ինտերակտիվ էին՝ հիմնված կոդ գրելու հմտությունների զարգացման վրա»,- պատմում է նա:
SoloLearn-ի համահիմնադրի խոսքով՝ սկզբնական փուլում ծրագրավորման դասընթացներին զուգահեռ առաջարկել են լուսանկարչության, դիմահարդարման դասընթացներ, սակայն որոշ ժամանակ անց հասկացել են, որ ամենամեծ հետաքրքրությունը նկատվում է ծրագրավորման դասընթացների նկատմամբ:
«Մեկ դասընթացի պատրաստումը տեւում է միջինում 2-3 շաբաթ, այն դեպքում, եթե բովանդակությունը նախապես հավաքված է: Փորձում ենք դասերը հնարավորինս կարճ պատրաստել, քանի որ երկար լինելու դեպքում դրանք պարզապես արդյունավետ չէին լինի»,- նշում է Դավիթ Քոչարյանը:
Անդրադառնալով հավելվածի 3 միլիոն ներբեռնումների ցուցանիշին՝ նա ընդգծում է, որ մարքեթինգի վրա առանձին գումարներ չեն ծախսել:
«Ընդամենը օրգանիկ աճ է եղել: Գուցե պատճառներից է այն, որ միշտ լսում ենք մեր օգտատերերի կարծիքները եւ հաշվի առնում դրանք»,- նկատում է նա:
SoloLearn-ի թիրախն ամերիկյան շուկան է: Ընկերությունը ներկայում համագործակցում է աշխատանքի հայտարարությունների ամենահայտնի հարթակներից մեկի՝ UPwork-ի հետ՝ վերջինիս հայտարարությունները տեղադրելով նաեւ SoloLearn-ում:
«Ապագայում նախատեսվում է մեր լավագույն ուսանողներին հնարավորություն տալ այդ աշխատանքներին դիմելիս միանգամից մասնակցել հարցազրույցի փուլին՝ առանց նախնական փուլեր հաղթահարելու»,- ամփոփում է Դավիթ Քոչարյանը:
Հիշեցնենք, որ SoloLearn-ը Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամի կազմակերպած՝ տեխնոլոգիաների ոլորտի համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի հաղթողներից մեկն է:
Նարինե Դանեղյան