10:04 | 22.04.16 | Նորություններ | 1363

    ԳԱԱ-ում կանցկացվի «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» գիտաժողովը

    Ապրիլի 29-ին եւ 30-ին Գիտությունների ազգային ակադեմիայում (ԳԱԱ) կանցկացվի «Գիտության եւ տեխնոլոգիաների մերձեցում» (Science and Technology Convergence) խորագրով գիտաժողովը:

    Գիտաժողովի նպատակն է խրախուսել ՏՏ ոլորտի գիտության եւ արդյունաբերության փոխշահավետ համագործակցությունը՝ ստեղծելով մասնագիտական բազմապրոֆիլ հարթակ: Հարթակը հնարավորություն կտա ՏՏ ոլորտի գիտաշխատողներին ներկայացնել իրենց կողմից իրականացվող եւ կիրառական հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների արդյունքները:

    Մասնավոր եւ պետական հատվածների մասնակիցներն էլ կկարողանան ներկայացնել իրենց գործունեությանն առնչվող գիտական բաց խնդիրները, իսկ բարձր կուրսերի ուսանողները՝ ծանոթանալ ՀՀ-ում իրականացվող գիտահետազոտական աշխատանքներին:

    Գիտաժողովի շրջանակում ՏՏ ոլորտի գիտության, արդյունաբերության եւ պետական կառույցների ներկայացուցիչները ներկայացնելու են իրենց կողմից ձեռք բերված արդյունքները, առկա բաց խնդիրները, ինչպես նաեւ հնարավոր համագործակցության ուղիները՝ հետեւյալ ուղղություններով.

    - Համակարգչային տեսողություն (computer vision),
    - Մեքենայական ուսուցում (machine learning),
    - Տեղեկատվական անվտանգություն (information security),
    - Միկրոէլեկտրոնիկա (microelectronics):

    Գիտաժողովի ընթացքում նախատեսվում է անցկացնել նաեւ պանել-քննարկումներ հետեւյալ թեմաներով՝

    - Անջրպետների կամրջում. գիտություն, արդյունաբերություն եւ պետական կառույցներ (Bridging gaps: science, industry and state),
    - Կրթություն. պահանջարկ եւ առաջարկ   (Education: demand and supply),
    - Գաղափարների ձեւավորման էկոհամակարգ. Բուհեր, ստարտափեր, աքսելերատորներ, ինկուբատորներ  (Idea forming ecosystem: universities, start-ups, accelerators, incubators):

    Գիտաժողովը կազմակերպում է ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը, ՀՀ ԳԱԱ, ՀՀ ԿԳՆ ԳՊԿ, ԵԳԱԾ, ՀԵՀ եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (EIF) աջակցությամբ։

    Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: