10:38 | 18.04.16 | Հոդվածներ | exclusive 3829
Օրերս գործարկվել է հայ ծրագրավորողների ստեղծած FakeKiller հավելվածը, որն արգելափակում է կեղծ տեղեկատվություն տարածող ադրբեջանական կայքերը:
Հավելվածը մշակել է ծրագրավորող Արթուր Ավանեսովը՝ Մեդիամաքսի գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանի եւ տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի աջակցությամբ:
«Չորսօրյա պատերազմի ընթացքում մի շարք ադրբեջանական եւ ադրբեջանամետ կայքեր ապատեղեկատվություն էին տարածում` օգտագործելով նաեւ Ղարաբաղին ընդհանրապես չվերաբերող հին տեսահոլովակներ: Այս կայքերը Հայաստանի տարածքում արգելափակելու դեպքում մարդիկ կմտածեին, թե իրենցից ինչ-որ բան է թաքցվում: Հետեւաբար, որոշեցինք ստեղծել մի ծրագիր, որը մարդկանց կզգուշացնի վստահություն չներշնչող կայքերի մասին»,- Itel.am-ի հետ զրույցում ասել է Արթուր Ավանեսովը:
Ի դեպ, զգուշացումից հետո օգտատերը ցանկության դեպքում, այնուամենայնիվ, կարող է բացել տվյալ կայքը:
Արգելափակման ցուցակում այս պահին ներառված է 15 կայք: Ժամանակի ընթացքում ցանկը կհամալրվի:
«Սա, կարելի է ասել, փոքրիկ «Սամվել Մարտիրոսյանն» է ձեր համակարգչում»,- կատակով նշել է Արթուր Ավանեսովը:
Հավելվածը ներկայում նախատեսված է միայն Chrome բրաուզերի համար: Առաջիկա օրերին կգործարկվի նաեւ Opera բրաուզերի համար նախատեսված հավելվածը: