06:30 | 31.03.16 | Հոդվածներ | exclusive 5755

#ՏեխնոՄարտը Արման Աթոյանի հետ

Itel.am-ը շարունակում է #ՏեխնոԱմիս շարքը. ամեն անցնող ամսվա վերջին օրը ՏՏ ոլորտի որեւէ հայ ներկայացուցիչ ամփոփում է ամիսը՝ խոսելով հայաստանյան, միջազգային տեխնո ձեռքբերումների, ինչպես նաեւ սեփական ընկերության հաջողությունների մասին:

Տեխնոլոգիական մարտն ամփոփում ենք Arloopa ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արման Աթոյանի հետ: Arloopa-ն այս ամիս մասնակցեց վիրտուալ (VR) եւ լրացված իրականությանը (AR) վերաբերող երկու միջազգային կոնֆերանսի եւ ներկայացրեց իր աշխատանքները:

#ՏեխնոՄարտը՝ Հայաստանում

Ինձ համար ամիսը նշանավորվեց մարտի 16-ին Սան Ֆրանցիսկոյում International Mobile Gaming Awards 2016-ի շրջանակում Shadowmatic-ի տարած միանգամից երկու հաղթանակով՝ «Լավագույն տեխնիկական նվաճում» եւ «Հանդիսատեսի համակրանք»: Սա միջազգային գեյմինգի ասպարեզում շատ մեծ եւ լուրջ հաջողություն էր:



Մյուս կարեւոր իրադարձությունը HIVE ներդրումային հիմնադրամի HIVE Seed Fund նախաձեռնության մեկնարկի մասին հայտարարությունն էր, որի շրջանակում աջակցություն կստանան նոր ձեւավորված հայկական այն ստարտափները, որոնք ստեղծում են հեղափոխական տեխնոլոգիական լուծումներ, նպատակ ունեն թիմ ունենալ Հայաստանում եւ լուծել գլոբալ մարտահրավերներ:



Եթե ավելի ընդհանրական խոսենք, ապա Հայաստանում նախորդ տարիների համեմատ նոր պրոդուկտ արտադրելու տեմպը մի քանի անգամ ավելացել է: Ամեն օր լսում ես ինչ-որ նոր հետաքրքիր պրոդուկտի մասին:

#ՏեխնոՄարտը՝ Arloopa-ում

Մարտի 10-ին մեկնեցինք Մոսկվա, որտեղ մասնակցեցինք Վիրտուալ եւ լրացված իրականության տեխնոլոգիաների միջազգային կոնֆերանսին: Թեման էր VR խաղերի ապագան:

Մարտի 15-16-ին Լոնդոնում առանձին տաղավարով մասնակցեցինք Wearable Technology Show-ին, որը համարվում է ոլորտի Եվրոպայում ամենախոշոր էքսպոն: Այնտեղ ներկայացրինք մեր AR եւ VR լուծումները, այդ թվում՝ լրացված իրականության հոկեյը (AR hockey):



Ներկայացրած երկրորդ նախագիծը թույլ է տալիս իրական աշխարհում տեղադրել 3D օբյեկտներ, որոնց կարող ես դիպչել, եւ որոնք քեզ հետ փոխգործակցում են: Նշեմ, որ ներկաները հետաքրքրված էին հատկապես մեր վիրտուալ Էյնշտեյնով եւ Մհեր Մկրտչյանով:
Այս ամսվա եւս մեկ կարեւոր իրադրաձություն մեզ համար. մարտին Samsung Gear VR-ի համար նախատեսված մեր առաջին հավելվածը հայտնվեց Oculus Store-ում: Sheriff VR-ը, որն արժե $2.99, նախատեսված է վեսթերն ժանրի սիրահարների համար:



Լինելով շերիֆ՝ դուք պետք է կանգնեցնեք ավազակների խմբին, որոնք պլանավորում են հարձակվել գնացքի վրա: Ի դեպ, Մոսկվայում մարտի 10-ին կայացած կոնֆերանսի ժամանակ մեզ մոտեցան Սկոլկովոյի բաց համալսարանի ներկայացուցիչներն ու նշեցին, որ ԱՊՀ երկրներում մենք առաջինն ենք ներկայացված Samsung Gear VR-ում, քանի որ հաստատման գործընթացը բավական բարդ է:

Մարտի 24-ին էլ մեր ծրագրերի մասին պրեզենտացիայով հանդես եկա Հայաստանի ամերիկյան համալսարանում:

#ՏեխնոՄարտը՝ աշխարհում

Այս ամիս հայտարարվեց, որ Oculus-ը վիրտուալ իրականության սոցիալական ցանց է ստեղծում Facebook-ի եւ Gear VR-ի հետ համատեղ: Սա հնարավորություն կտա օգտատերերին որոնել ընկերներին հարթակում, խաղալ սոցիալական խաղեր, Oculus Social-ում ստեղծել սենյակներ, դիտել վիդեոներ: Սա շատ կարեւոր քայլ էր, քանի որ բոլորն են հասկանում, որ վիրտուալ իրականության զարգացումը հնարավոր է ցանցի (network) հնարավորությունների զարգացման դեպքում:



Մյուս կարեւոր իրադարձությունը Game Developers Conference (GDC) ն էր, որը կայացավ Սան Ֆրանցիսկոյում մարտի 14-18-ը: Դրա շրջանակում վիրտուալ իրականությանը վերաբերող բազմաթիվ հետաքրքիր իրադարձություններ տեղի ունեցան: Կառանձնացնեմ այն նորությունը, որի համաձայն` Samsung Galaxy S7-ում անվճար Geer VR սաղավարտ օգտագործելու հնարավորություն կստանան այն մարդիկ, որոնք Galaxy S7-ի նախնական պատվեր կանեն:

Այսպիսով, գլոբալ թրենդներն այսօր ապացուցում են հետեւյալը՝ եթե մինչ օրս VR-ը «ծրագրավորողների համար խաղալիք էր», ապա այսօր արդեն շատ են մարդիկ, որոնք  առօրյայում օտագործելու համար պատվիրում են Geer սաղավարտ, քանի որ հասկանում են, որ դա թրենդային է, հետաքրքիր եւ կիրառելի առօրյայում: Կարելի է նույնիսկ ասել, որ VR-ը այս մարտից մուտք գործեց նաեւ ոչ տեխնիկական ոլորտի մարդկանց առօրյա:

Նարինե Դանեղյան