12:42 | 29.03.16 | Նորություններ | 2331

ՀՀ մշակութային կոթողները թվայնացնող ծրագրին անհրաժեշտ է օգնություն

«Թումո»-ում նշել են, որ նախաձեռնության նպատակն է թվայնացնել, վավերագրել եւ տարածել հայկական մշակութային ժառանգության վայրերը:

«Մեզ անհրաժեշտ է Ձեր օգնությունը՝ կյանքի կոչելու այս արդի ծրագիրը: Մեր նպատակն է համատեղ ուժերով ապահովել անհրաժեշտ ֆինանսավորումը՝ այս վայրերը վավերագրելու նպատակով եռաչափ տեսածրիչ (սքաներ) ձեռք բերելու համար: Նախագծի արդյունքներն անվճար հասանելի կլինեն հանրությանը՝ որպես նվեր թե՛ հայ, եւ թե՛ օտարազգի երիտասարդների գալիք սերունդների համար: Նախագծի մասին ավելին իմանալու կամ դրա հաջողությանը մասնակից լինելու համար խնդրում ենք այցելել http://www.armenia3d.org»,- նշել են «Թումո»-ում:

Նախագծի իրականացման նպատակով մարտի 13-ին Լոս Անջելեսի գրադարանի հայկական համայնքը հյուրընկալել էր ամերիկահայ մի խումբ գիտնականների:

«Եռաչափ մոդելավորմամբ եւ արդի տեխնոլոգիաների միջոցով առաջարկվող նախագիծը ոչ միայն կպահպանի մշակութային ժառանգության վայրերի հատակագծերը գալիք սերունդների համար, այլեւ հնարավորություն կընձեռի հայ եւ օտարազգի ուսանողներին աշխարհի տարբեր անկյուններից վիրտուալ ուխտագնացություն կատարել, որի ընթացքում իրենց կցուցադրվեն թվայնացված մշակութային ժառանգության վայրերը՝ ուսուցողական բովանդակությամբ համընդգրկուն վիրտուալ շրջագայության ձեւաչափով»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ «Թումո»-ի եւ CyArk-ի առաջին համագործակցային նախագիծն իրականացվել էր 2015թ. հունվարին Գեղարդի վանքում:

Փորձնական նախագծի հաջողությամբ ոգեշնչված՝ «Թումո»-ն որոշել է ընդլայնել ծրագիրը՝ սքանավորելով Հայաստանի եւ հարեւան երկրների հայկական վայրերը: