10:24 | 21.03.16 | Նորություններ | 7224

«Օրանժ Արմենիա»-ն ապրիլից կգործի «Յուքոմ» բրենդի ներքո

«Յուքոմ» եւ «Օրանժ Արմենիա» ընկերությունները մտել են բրենդի փոփոխման փուլ եւ շուտով կմիավորվեն մեկ միասնական «Յուքոմ» բրենդի ներքո:

Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ նշելով, որ ապրիլին տեղի կունենա բրենդի փոփոխման փուլը, որին կհաջորդեն նոր առաջարկներ, փաթեթներ եւ ծառայություններ: 

Հայկ Եսայանի խոսքով՝ երկու ընկերությունների միավորումը հնարավորություն կընձեռի բարելավել ծառայությունների որակը՝ «Յուքոմ» բրենդի ներքո առաջարկելով արդեն 4 ծառայություն` մոբայլ եւ ֆիքսված կապ, ֆիքսված ինտերնետ եւ հեռուստատեսություն:

«Մեր ընկերությունը փորձել է պահպանել այն ողջ դրականը, ինչն ունի «Օրանժը», եւ «Յուքոմ» ապրանքանիշի ներքո դա փոխանցել մեր բաժանորդներին»,- նշել է Հայկ Եսայանը:  

Նա վստահեցրել է, որ փոփոխությունների փուլը «Օրանժ Արմենիա»-ի բաժանորդների համար կանցնի աննկատ, քանի որ առկա ծառայություններում ակնհայտ փոփոխություններ չեն կատարվել:

«Յուքոմ»-ի մարքեթինգի եւ հաղորդակցության հարցերով տնօրեն Տիգրան Սաֆարյանի խոսքով՝ իրենց որդեգրած քաղաքականության շնորհիվ ոչ միայն կպահպանվի, այլեւ կբարելավվի «Օրանժ Արմենիա»-ի ողջ ենթակառուցվածքը, որի առաջին քայլը ՀՀ ողջ տարածքում գերժամանակիակից LTE ռադիոհասանելիության ցանցի նեդրումն է:

Ընկերության կոմերցիոն տնօրեն Արամ Բարսեղյանն իր հերթին նշել է, որ «Յուքոմ»-ը շուտով կունենա նորովի ներկայացված շուրջ 80 սպասարկման սրահ, որոնցում հնարավոր կլինի օգտվել ինչպես «Յուքոմ»-ի, այնպես էլ «Օրանժ»-ի տրամադրած ծառայություններից:

Բանախոսները նշել են, որ «Յուքոմ»-ն այս տարի կիրականացնի տարիներ շարունակ «Օրանժ հիմնադրամ»-ի կողմից իրականացվող «Լույս հայի աչքերին» նախագիծը: Այս եւ մի շարք այլ նախագծեր կիրականացվեն «Յուքոմ հիմնադրամ»-ի կողմից: 

Անդրադառնալով «Օրանժ» ընկերության աշխատակիցների ճակատագրին՝ «Յուքոմ»-ի ներկայացուցիչները նշել են, որ կրճատումներ չեն սպասվում, ավելին, ընկերությունը փնտրում է որակյալ մասնագետներ՝ նոր աշխատատեղեր ստեղծելու նպատակով:

Հիշեցնենք, որ օրերս «Յուքոմ»-ը ներկայացրել էր բաժանորդներին հետաքրքրող մի շարք հարցերի պատասխաններ: