13:59 | 03.03.16 | Նորություններ | 4253

Հայաստանյան «Ռոստելոկոմն» անցկացրել է ՏՏ մասնագիտությունների թեմայով կլոր սեղան

Մարտի 2-ին Վ․Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղում «Ռոստելեկոմ» Հայաստանի, Երեւանում գիտության եւ կրթության ռուսաստանյան կենտրոնի, համալսարանի ներկայացուցիչների եւ ուսանողների մասնակցությամբ անցկացվել է տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում պահանջարկ վայելող մասնագիտությունների թեմայով կլոր սեղան-քննարկում։

Հանդիպման ժամանակ ներկայացվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ հայաստանյան «Ռոստելեկոմի» իրականացրած համատեղ ծրագրերը։

«Նորարարությունների ոլորտը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, զարգանում եւ կատարելագործվում է շատ արագ, այդ թվում՝ մարդկային ռեսուրսների առումով։ Ենթակառուցվածքների զարգացումը եւ նորագույն տեխնոլոգիաների ներդրումը․ահա թե ինչում ենք մենք տեսնում մեր վաղվա օրը։ Եվ շարժվելով այդ նպատակին ընդառաջ մշտապես անհրաժեշտ են իրենց գործը սիրող բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Վստահ եմ՝ Վ․Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղի ուսանողներին ընձեռված են բոլոր հնարավորություններն իրենց նպատակների իրականացման համար»,- նշել է «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ի, «Ռոստելեկոմ» Հայաստանի գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է նաեւ CISCO Ակադեմիայի շրջանակում համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների դասավանդման փորձը։

Հանդիպման ավարտին «Ռոստելեկոմ» Հայաստանի եւ Վ․Պլեխանովի անվան Ռուսաստանի տնտեսագիտական համալսարանի երեւանյան մասնաճյուղի ներկայացուցիչները ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակում կողմերը համատեղ կաշխատեն համալսարանի ուսանողների տեսական գիտելիքների փորձնական կիրառման ուղղությամբ։