12:56 | 24.02.16 | Նորություններ | 7308

PicsArt-ը կոչ է անում բացառել ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ բիզնեսի կրկնակի հարկումը

Հայ-ամերիկյան PicsArt ընկերությունը, որի համանուն հավելվածն ունի ավելի քան 250 մլն ներբեռնում, միացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ուղղված կոչին՝ բանակցությունների միջոցով հասնելու Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կրկնակի հարկումը բացառող պայմանագրի կնքմանը:

PicsArt-ի նախաձեռնության մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Բարաք Օբամային ուղղված նամակում PicsArt-ի համահիմնադիր եւ օպերացիոն տնօրեն Արտավազդ Մեհրաբյանն ընդգծել է, որ PicsArt-ը եւ հայկական շատ այլ ստարտափներ ԱՄՆ-Հայաստան տնտեսական կապերում կարեւոր դեր են խաղում:

PicsArt-ի համահիմնադիրը նշել է, որ «երկարաժամկետ լուրջ, կայուն առաջընթաց ապահովելու համար անհրաժեշտ է վերացնել երկկողմ համագործակցության պատնեշները եւ ստեղծել պարզ իրավական դաշտ: Այդ հարցում կենտրոնական դեր պետք է խաղա մոդեռն հարկային պայմանագիրը, որը կվերացնի այն կորպորացիաների, ներդրողների եւ անհատների կրկնակի հարկման վտանգը, որոնք երկու երկրում միաժամանակ բիզնես գործունեություն են ծավալում»: 

PicsArt-ը, որ գրասենյակներ ունի Երեւանում եւ Սան Ֆրանցիսկոյում, իր այս պահանջով միացել է Microsoft, FedEx, NASDAQ, Marriott, Grant Thornton ընկերությունների համապատասխան կոչին:

Նախաձեռնության աջակիցների շարքում են նաեւ Ameria Banking Group, Prudence Legal Advisory and Counseling, Baker Tilley Armenia, Synergy, Tufenkian Heritage Hotels, Altacode, Leda Campus LLC, Levon Travel, Unicomp, Synopsys, Megerian Carpet, National Instruments, Mentor Graphics, First Mortgage, Geoteam, Hylink, LC Distribution եւ Linkgard Systems ընկերությունները:

Հիշեցնենք, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն 2015թ. մայիսի 7-ին ստորագրել էին Առեւտրի եւ ներդրումների շրջանակային համաձայնագիրը (TIFA), որով հավաստել էին իրենց մտադրությունը՝ ստեղծելու բարենպաստ պայմաններ ներդրումների եւ երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառության, առեւտրի խրախուսման համար։

Նոյեմբերին էլ Երեւանում ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Բրիջիթ Բրինքը նշել էր, որ Միացյալ Նահանգները լավատեսորեն է տրամադրված Հայաստանի հետ կրկնակի հարկումը բացառող համաձայնագրի կնքման հարցում: