15:22 | 11.02.16 | Նորություններ | 1843
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախաձեռնությամբ եւ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի աջակցությամբ Գեղարքունիքի մարզի 4 դպրոցում այսուհետեւ կգործեն ինժեներական ժամանակակից լաբորատորիաներ:
Դրանք գտնվում են Մեծ Մասրիկ, Լուսակունք, Մարտունի համայնքների միջնակարգ եւ Գավառի թիվ 8 դպրոցներում:
ԻՏՁՄ-ից հայտնել են, որ լաբորատորիաներում ներառված են Հայաստանում արտադրված բարձրակարգ եռաչափ տպիչներ, «Գուգարք» մինի համակարգիչներ եւ այլ սարքեր, որոնց օգնությամբ աշակերտները կսովորեն ծրագրավորում, եռաչափ մոդելների նախագծում, հարթաչափային մոդելների հետ աշխատանք, էլեկտրոնիկա, մեխանիկա:
Ի դեպ, ինժեներական լաբորատորիաներում կարող են վերապատրաստում ստանալ ոչ միայն դպրոցի աշակերտները, այլեւ տեղի եւ մոտակա գյուղերի բնակիչները:
«Ինժեներական խմբակ-լաբորատորիաների ներդրումը ԻՏՁՄ-ի համար ռազմավարական նշանակություն ունի: Մենք պլանավորում ենք մինչեւ 2019թ. դառնալ աշխարհի առաջին պետությունը, որն ինժեներական լաբորատորիաներ կունենա բոլոր դպրոցներում: Սա կարող է լինել մեր know-how-ն, որով, իմ կարծիքով, կարող ենք արժանիորեն ներկայանալ 2019թ. Հայաստանում կայանալիք ՏՏ ոլորտի համաշխարհային կոնգրեսին (WCIT)»,- նշել է ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Լաբորատորիաների բացման հանդիսավոր արարողությանը, ծրագրի նախաձեռնողներից բացի, ներկա են եղել տեղական ինքնակառավարման մարմինների եւ հոգեւոր դասի ներկայացուցիչներ:
ԻՏՁՄ-ի եւ մի շարք աջակից ընկերությունների շնորհիվ Հայաստանում եւ Արցախում արդեն գործում է ռոբոտաշինության ավելի քան 60 եւ ինժեներական ավելի քան 20 խմբակ-լաբորատորիա: