10:45 | 11.02.16 | Նորություններ | 3967

Beeline-ի աջակցությամբ ստեղծվել է երեխաների զարգացմանն ուղղված երկու հավելված

Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են երկու հայալեզու բջջային խաղ-հավելվածների գործարկման մասին, որոնք նպաստում են երեխաների եւ դպրոցականների մտավոր զարգացմանը:

Հավելվածները ստեղծվել են Beeline-ի եւ Մանկական զարգացման հիմնադրամի համատեղ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում:

Խաղ-հավելվածներն անվճար հասանելի են Google Store-ում։ 

«Our Day» հավելվածն առաջին հայալեզու զարգացնող խաղ հավելվածն է՝ 3 տարեկանից բարձր տարիքի երեխաների համար: Խաղը հիմնականում նախատեսված է հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար:

Երկրորդ հավելվածը`«Let’s think–ը, ավելի շատ մտավոր ուղղվածություն ունի եւ նախատեսված է դպրոցականների համար: Այն օգնում է զարգացնել երեխայի տրամաբանությունը եւ քննադատական մտածողությունը:

«Բջջային հավելվածների գործարկման ծրագիրը մեծ նշանակություն ունի մեզ համար, քանի որ այն ծնողներին, մանկավարժներին, ինչպես նաեւ իրենց` երեխաներին, հնարավորություն է տալիս ստանալու մասնագիտական օգնություն եւ զարգացնելու երեխայի ունակությունները: Ընդ որում, կարեւոր է, որ ուսուցումն անցնում է խաղի ձեւով, իսկ հավելվածը մայրենի լեզվով օգտագործելն ավելի հարմար է եւ հաճելի», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: