12:39 | 11.02.16 | Հոդվածներ | exclusive 4903

Demo Day-ին ընդառաջ. Medlee-ն կօգնի սկսնակ երաժիշտներին

Փետրվարի 21-ին «Այբ» դպրոցում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը» (ՄԻԿ) «Դեմո օր» (Demo Day) միջոցառմամբ կամփոփի նորարար լուծումներ առաջարկող ստարտափերի համար նախատեսված իր աքսելերացիոն ծրագիրը, որին մասնակցում է տեղական 12 ստարտափ:

Այդ օրը թիմերը կներկայացնեն վերջին ամիսների իրենց աշխատանքի արդյունքները ՏՏ ոլորտի մասնագետների, հավանական ներդրողների եւ ձեռներեցների դատին։

«Դեմո օրվա»-ն ընդառաջ ՄԻԿ Հայաստանը եւ Itel.am-ը ներկայացնում են 12 ստարտափների զարգացման պատմությունը:

Medlee
-ն մոբայլ հավելված է, որը սկսնակ երաժիշտներին հնարավորություն է տալիս  տարբեր գործիքներով արված իրենց կատարումների ձայնագրությունները ավտոմատ կերպով միքսել եւ հղկել։

Թիմի անդամներն են Դավիթ Քյարունցը, Նարեկ Հովսեփյանը եւ Նաիրի Նարինյանը:

Itel.am-ի հետ զրույցում Medlee-ի հիմնադիրները պատմել են, որ ՄԻԿ-ի կողմից անցած տարի անցկացված ամպային հաքաթոնին մասնակցելու համար իրենք փորձում էին գտնել այնպիսի լուծում, որը կլիներ հետաքրքիր, նորարար եւ չէր ունենա կրկնօրինակ։

«Գաղափարները տարբեր էին, սակայն նախընտրելի ոլորտը երաժշտությունն էր։ Նախապես որոշել էինք ստեղծել այնպիսի չաթ, որտեղ մարդիկ կհաղորդակցվեին երաժշտության միջոցով։ Բավականին երկար ճանապարհ ենք անցել եւ կատարել գաղափարի վավերացում՝ ուսումնասիրելով ոլորտը, խոսելով տարբեր երաժիշտների եւ մասնագետների հետ»,- պատմել է Նաիրի Նարինյանը:


Medlee-ի թիմը

Medlee-ի նախատիպն արդեն պատրաստ է: Թիմը ներկայում փորձում է հասկանալ, թե արդյոք խնդրի նմանատիպ լուծումը կիրառելի է երաժիշտների համար:

«Դրան կհաջորդի հավելվածի տեխնիկական մասի բարելավումը, փորձելու ենք այն մոտեցնել պրոֆեսիոնալ միքսինգի մակարդակի։ Միաժամանակ աշխատում ենք մի քանի ուղղությամբ՝ մարքեթինգի, տեղեկատվության տարածման, ներդրողների ներգրավվման։ Մոտ ապագայում կգործարկվի նաեւ մեր կողմից մշակվող երաժշտական նորությունների եւ ոլորտում առկա տեխնոլոգիաների մասին բլոգը»,- նշել է Նարեկ Հովսեփյանը:

Նախնական տարբերակով Medlee-ն ներկայացվել է նաեւ Eurasia Mobile Challenge մրցույթին եւ հաղթահարել հայաստանյան փուլը՝ անցնելով տարածաշրջանային փուլ։

Պրոդուկտի մշակման ներկայիս փուլում ստարտափը փնտրում է ներդրողներ, որոնց միջոցով կկարողանա ընդլայնել թիմը եւ կատարելագործել տեխնիկական մասը։

Medlee-ի անդամների խոսքով՝ ՄԻԿ աքսելերացիայի ծրագրին մասնակցությունն իրենց մեծ փորձառություն է տվել։

«Ծրագրի ամբողջ ընթացքում մշտապես գտնվել ենք ՏՏ էկոհամակարգում, ձեռք բերել կապեր, զարգացրել պրոդուկտը ներկայացնելու հմտություններ։ Ցանկացած ստարտափի կյանքում լինում են պահեր, երբ մոտիվացիան կորում է, կամ առաջանում են խնդիրներ, որոնք չգիտես ինչպես լուծել։ Ստարտափ աքսելերացիայի ծրագրի առավելությունը նաեւ նրանում է, որ ցանկացած պահի դու հնարավորություն ունես շփվել նույն ճանապարհով անցած մարդու հետ կամ ստանալ արժեքավոր խորհրդատվություն, թե ինչպես հաղթահարել այս  կամ այն խնդիրը»,- եզրափակել է Դավիթ Քյարունցը։

Նարինե Դանեղյան