12:08 | 04.02.16 | Հոդվածներ | exclusive 178984
Օրեր առաջ գործարկված Hiboo մեսենջերը հնարավորություն է տալիս կարդալ ընկերոջ հաղորդագրությունը՝ սկսած այն գրելու առաջին իսկ վայրկյանից՝ տպելու (type) ընթացքում:
Անվճար հավելվածը հասանելի է AppStore-ում:
Hiboo-ն ստեղծել են Մեծ Բրիտանիայում բնակվող տարբեր ազգության մի խումբ երիտասարդներ, որնոց թվում է Արթուր Կոլայանը:
Նա Itel.am-ին պատմել է, որ մեսենջերը հատկապես այն մարդկանց համար է, որոնք նյարդայնանում են, երբ հաղորդագրության սպասելիս անընդհատ տեսնում են «…» կամ օրինակ՝ «Վարդանը տպում է…» նշանները:
«Կարծում եմ՝ բոլորն են հետաքրքրված, թե ինչ է 5 րոպե շարունակ ձեր ընկերը ձեզ գրում, երբ վերջում ընդամենը 4 բառ է ուղարկում: Hiboo-ն թույլ է տալիս կարդալ գրելու ընթացքում եւ հաղորդակցվել մտքի արագությամբ՝ առանց դադարների»,- նշել է Արթուր Կոլայանը:
Hiboo-ի գաղափարն առաջացել է 2014թ. Լոնդոնում կայացած TechCrunch Disrupt հաքաթոնի ժամանակ, որտեղ թիմը հաղթել է: Հավելվածի iOS բետա տարբերակը գործարկվել է անցած տարի նոյեմբերի 3-ին՝ Դուբլինում կայացած Web Summit-ի շրջանակում:
«Տեսնել, թե ինչ են ընկերները տպում շփման ընթացքում, հաղորդակցության լիովին նոր սահմաններ է բացում: Ժամանակն ամեն ինչ է, եւ այսօր չկա դրանից արժեքավոր բան՝ հատկապես նոր սերնդի համար: Օգտատերերի նոր սերունդը ցանկանում է հաղորդակցություն իրական եւ ռեալ ժամանակում: Ճիշտ է, WhatsApp-ը, WeChat-ը, Facebook Messenger-ը համարվում են արագ նամակագրության (ակնթարթային ուղերձ) հավելվածներ, սակայն միայն Hiboo-ն է, որ հնարավորություն է տալիս մտքերը փոխանցել ակնթարթային կերպով»,- ընդգծել է Արթուր Կոլայանը:
Այս պահին Hiboo-ն հասանելի է 14 լեզվով: Ապագայում ավելացվելու են այլ լեզուներ: Արթուր Կոլայանը չի բացառել, որ դրանց թվում կլինի նաեւ հայերենը:
Ինչ վերաբերում է մեսենջերի Android տարբերակին, ապա այն նախատեսվում է գործարկել ապրիլին:
Նարինե Դանեղյան