15:25 | 09.02.16 | Նորություններ | 4727

Օրանժ Արմենիան խրախուսում է համացանցի ապահով օգտագործումը

Այսօր նշվում է Ապահով համացանցի օրը, եւ արդեն հինգերորդ  տարին անընդմեջ այս օրվա առթիվ` Օրանժ Արմենիան՝ «Հայաստանի ինտերնետ հանրություն» եւ «Մեդիակրթության կենտրոն» կազմակերպությունների հետ համատեղ, նախաձեռնում է «Ապահով համացանց Հայաստան» ծրագիրը:
 
«Ապահով համացանց Հայաստան» նախաձեռնության շրջանակում 150 դպրոցների ավելի քան 3000 աշակերտներ կմասնակցեն բաց դասերի` ստանալով համացանցից ապահով օգտվելու վերաբերյալ գիտելիքներ եւ ուսումնական նյութեր:

«Հայաստանում օրեցօր աճում է համացանցի օգտատերերի թիվը. ինտերնետը յուրաքանչյուրիս առօրյայում ազդեցիկ տեղ է զբաղեցնում: Ինտերնետի աճող հասանելիությունն անշուշտ ընձեռում է կրթության եւ զարգացման լայն հնարավորություններ, սակայն,  միեւնույն ժամանակ անհրաժեշտություն ստեղծում ավելի մեծ ուշադրություն դարձնել երեխաների համար համացանցն ապահով դարձնելու խնդրին: Այս պատճառով արդեն հինգերորդ տարին անըդնմեջ մեր գործընկերների հետ միասին նախաձեռնում ենք այս ծրագիրը՝ համացանցի օգտատերերին կրթելու եւ անցանկալի բովանդակությամբ կայքերից երեխաների պաշտպանությունը բարելավելու համար»,- ասել է Օրանժ Արմենիայի Մարքեթինգի տնօրեն Տիգրան Սաֆարյանը: