11:24 | 09.02.16 | Նորություններ | 3856

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Խաչիկում բնակարանամուտ է տոնել երեք ընտանիք

Վայոց Ձորի մարզի սահմանամերձ Խաչիկ համայնքում բնակարանամուտ է տոնել երեք ընտանիք:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի եւ «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» համագործակցության շնորհիվ, բնակարանաշինության ծրագրի արդյունքում, ավարտվել է կիսակառույց երկու տան շինարարություն եւ մեկ տան տանիքի վերանորոգում:

Համագործակցող կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Խաչիկ համայնք՝ բնակարանամուտի ուրախությունն ընտանիքների հետ կիսելու համար:

«Խաչիկ համայնքն առաջին անգամ չէ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ուշադրության կենտրոնում: Տարիներ առաջ մենք այստեղ ջրագիծ ենք կառուցել, խաղահրապարակ ստեղծել, շտապ օգնության մեքենա տրամադրել: Ձգտել ենք լուծել այն խնդիրները, որոնք առավելապես անհանգստացրել են սահմանամերձ այս գյուղին: Դե, իսկ այժմ լուծվել է երեք ընտանիքի տարիներ շարունակ անհանգստացնող՝ տան հարցը: Վստահ եմ, որ այսօրինակ ծրագրերով մեր հայրենակիցների կողքին կանգնելու պատրաստակամությունը ոչ միայն սոցիալական, այլեւ ռազմավարական կարեւոր քայլ է: «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ իրականացվող բնակարանաշինության ծրագրի արդյունքն այս մարզում զգացել է 13 ընտանիք: Սա կարեւոր ցուցանիշ է մեզ համար»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
Մինչ օրս ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն դրամի ներդրում է կատարել բնակարանաշինության ծրագրի իրականացման համար: