16:16 | 03.02.16 | Նորություններ | 1057

2015-ին ՏՏ ոլորտն աճել 17%-ով, ասել է նախարարը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն այսօր ասել է, որ 2015թ. արդյունքներով ՏՏ ոլորտում ընդհանուր շրջանառությունը կազմում է շուրջ $550 մլն, իսկ ոլորտի աճը՝ 17%:

Այս մասին նա ասել է տարեկան ամփոփիչ ասուլիսի ընթացքում:

Կարեն Ճշմարիտյանը նշել է, որ ոլորտում այսօր աշխատում է 450 ընկերություն եւ մոտ 13 հազ. մասնագետ:

Նա հիշեցրել է, որ 2015թ. գործարկվել է 2014թ. ընդունված «ՏՏ ոլորտի պետական աջակցության մասին» օրենքը, ըստ որի՝ 2015-ից ոլորտի հավաստագրված սկսնակ ընկերություններին տրամադրվել են հարկային արտոնություններ՝ շահութահարկի 0% դրույքաչափի եւ եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառում:

«Արտոնությունների տրամադրումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների եւ աշխատատեղերի ստեղծումը: Ստեղծվել է 79 սկսնակ ՏՏ ընկերություն եւ 329 նոր աշխատատեղ: Նշված ընկերություններից 65-ը ստացել է հավաստագրեր՝ հարկային արտոնություններից օգտվելու համար (283 նոր աշխատատեղ)»,- տեղեկացրել է նախարարը:

Խոսելով Հայաստանում գործող տեխնոպարկերի մասին՝ Կարեն Ճշմարիտյանն ասել է, որ Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում ներկայում տեղակայված է 23 տեղական եւ արտասահմանյան կազմակերպություն: Այս տարի էլ կբացվի Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը:

Նախարարն անդրադարձել է նաեւ Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների եւ Գյումրիի ու Վանաձորի համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթներին՝ նշելով, որ 2015թ. հաղթող է ճանաչվել 33 ծրագիր, որոնք արժանացել են դրամաշնորհների՝ մինչեւ $50 հազ-ի չափով, եւ ստեղծվել է 235 նոր աշխատատեղ: