13:20 | 02.02.16 | Նորություններ | 5627

Մեկնարկել է «Կոլբա» լաբի «Նորարար առաջընթաց» ծրագիրը

Այսօր Երեւանում կայացել է «Կոլբա» նորարարական լաբորատորիայի «Նորարար առաջընթաց» (Innovation for Development) ծրագրի մեկնարկային հանդիպումը:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից եւ իրականացվելու է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նորարարական լաբորատորիայի կողմից:

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ ծրագիրը չափազանց նորարարական է, եւ Հայաստանն այս ծրագիրը ներդրող առաջին երկրներից է:

«Ծրագրի շրջանակում կփորձենք ձեռնարկատիրական աշխարհից, օրինակ՝ Սիլիկոնյան հովտից, ոլորտին հատուկ գաղափարները վերցնել եւ փորձել դրանք տեղայնացնել հանրային կառավարման ոլորտում: Նորարարության լաբորատորիան կհավաքագրի հազարավոր գաղափարներ շարքային քաղաքացիներից առ այն, թե ինչպես, օրինակ, սոցիալական զարգացում իրականացնել, շրջակա միջավայրը պահպանել, նոր աշխատատեղեր ստեղծել՝ փորձելով այդ գաղափարները կյանքի կոչել: Տպավորիչ է այն, որ համախոհներ գտանք հենց կառավարությունում»,- նշել է Բրեդլի Բուզետտոն:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին էլ ասել է, որ ծրագիրը խրախուսելու է քաղաքացիների եւ հանրային հատվածի երկխոսությունը՝ առավել արդյունավետ կառավարման նպատակով:

«Հայաստանի ապագան սերտ կապված է երկրի նորարարության ներուժի հետ: ԵՄ-ն աջակցում եւ խրախուսում է նորարարությունը Հայաստանում համագործակցության տարբեր ծրագրերի միջոցով՝ տնտեսական զարգացման, կրթության եւ էլեկտրոնային կառավարման ոլորտներում: Հայաստանի վարչական համակարգի բարեփոխումներում նորարարությունը ապահովելու համար կարեւոր է խրախուսել քաղաքացիների ակտիվությունը եւ քաջալերել քաղաքականության մշակման ընթացքում նոր մտքերի ներառումը»,- ասել է Պյոտր Սվիտալսկին: 

Ծրագիրը նախատեսում է հանրային միջոցառումների շարք իրականացնել, որը մեկնարկել է հունվարի 30-ին՝ Հայաստանում առաջին անգամ անցկացվող Հանրային կառավարման նորարարության շաբաթով:

Վերջինս ներառում է TEDx ձեւաչափով իրականավող համաժողով, «Կոլբա»-զրուցարան ձեւաչափի հանդիպում եւ խորհրդատվական քննարկումներ՝ հանրային կառավարման ոլորտում աշխատող մասնագետների համար:

«Կոլբա» լաբի ղեկավար Մարինա Մխիթարյանի խոսքով՝ ծրագրի հիմքում քաղաքացին է, որին առանցքային դեր է տրվում քաղաքականության մշակման եւ զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում:

«Երկու խոշոր կազմակերպությունների գործընկերությունը թույլ կտա քաղաքացու  մասնակցության նոր մեխանիզմներ մշակել եւ բաց կառավարման նորամուծություններ կատարել Հայաստանում: Ծրագիրն իրականացվելու է 3 հիմնական ուղղություններով՝ քաղաքացիներից եկող գաղափարների ինկուբացում, հանրային իրազեկում եւ կառավարման նորարարություն: Վերջինին ներգրավված է նաեւ բրիտանական FutureGov խորհրդատվական ընկերությունը, որն առաջատար է կառավարման նորարարության լուծումների մշակման եւ իրականացման ոլորտում»,- եզրափակել է Մարինա Մխիթարյանը: