11:44 | 21.01.16 | Նորություններ | 7181

ABBYY-ն գործարկել է Findo որոնման համակարգը

ABBYY ընկերությունն ԱՄՆ-ում գործարկել է Findo որոնման համակարգը:

Այն հասանելի է ինչպես համակարգիչների, այնպես էլ iOS սարքերի համար:

ABBYY-ի հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, «Այբ» հիմնադրամի համահիմնադիր, ձեռնարկատեր Դավիթ Յանը «Վեդոմոստի»-ին պատմել է, որ ի տարբերություն որոնողական այլ համակարգերի՝ Findo- կարողանում է տեղեկատվություն փնտրել ամպային պահոցներում, սոցցանցերում եւ օգտատերերի սարքավորումներում (համակարգիչներ, սմարթֆոններ): 

Մասնավորապես, համակարգը կարող է որոնում կատարել Gmail-ում, Google Drive-ում, Dropbox-ում, Outlook-ում, Yahoo-ում եւ Exchange-ում:

Findo-ն ունակ է նաեւ հարցումներ մշակել մարդկային լեզվով, օրինակ՝ «Գտիր դեկտեմբերին պատրաստված պրեզենտացիան» հրահանգը լսելով՝ համակարգը կորոնի ձեր համակարգում նշված չափանիշներին համապատասխանող ֆայլը:

Դավիթ Յանի խոսքով՝ Findo-ն ABBYY-ի մշակած Compreno հարթակի շարունակությունն է:

«Պրոդուկտի զարգացումը կընթանա ամենաակտիվ ձեւով: Այսօր այդ ուղու ամենասկիզբն է, եւ համակարգն ամեն երկու շաբաթը մեկ կդառնա ավելի ու ավելի խելացի, երբ մենք նոր թարմացում ներկայացնենք»,- նշել է Դավիթ Յանը:

Ըստ ABBYY-ի իրականացրած հետազոտության՝ որոնման համակարգերից օգտվողների շուրջ 20%-ը միանգամից չի գտնում իրեն անհրաժեշտ տեղեկատվությունը: Findo-ի առաջարկած ելքն է՝ միավորել ինֆորմացիայի բոլոր աղբյուրները եւ իրականացնել դրանց ինդեքսավորում:

Յանն ընդգծել է, որ Findo-ի թիրախում զանգվածային շուկան է: ABBYY-ն նոր պրոդուկտում արդեն $1.5 մլն է ներդրել, այս տարի կներդրվի եւս $1.4 մլն:

Ներկայում որոնումներ կարելի է կատարել միայն անգլերենով, սակայն Դավիթ Յանը չի բացառում, որ կավելացվեն նաեւ այլ լեզուներ՝ կախված պահանջարկից: 

Յանի խոսքով՝ աշխատելու են freemium մոդելով: Այսինքն, հիմնական պրոդուկտը կլինի անվճար, սակայն օգատերերը լրացուցիչ գործառույթների դիմաց կվճարեն:

Վճարովի ծառայությունն ամսական կարժենա շուրջ $5: Հնարավոր է, որ անվճար տաբերակում լինեն սահմանափակումներ՝ կապված որոնման ժամկետների կամ բնագավառի հետ:

Դավիթ Յանը տեղեկացրել է, որ ներկայում բանակցում են երկու ընկերությունների հետ, որոնք ավելի մեծ լսարան ունեն եւ որոնց անհրաժեշտ է ներդնել ինտելեկտուալ որոնման համակարգ:

ABBYY-ի հիմնադիրն ակնկալում է, որ Findo-ն 2.2 մլն օգտատեր ունենալու դեպքում կսկսի եկամուտ բերել, եթե այդ օգտատերերի 2–8%-ն օգտվի վճարովի գործառույթներից: