12:41 | 20.01.16 | Նորություններ | 1452

Հաստատվել է ՏՏ ոլորտի խթանման ծառայությունների 2016թ. ծրագիրը

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում հաստատել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2016թ. ծրագիրը:

Գործադրի հիմնավորմամբ՝ ծրագրի ընդունման եւ իրականացման նպատակն է աջակցել Հայաստանում տեղեկատվական, գիտելիքի վրա հիմնված առաջադեմ հասարակության եւ զարգացած, համաշխարհային ճանաչում ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի կայացմանը:

Ծրագրի ներդրման արդյունքում ակնկալվում է վերլուծել ՏՏ ոլորտի զարգացման միտումներն ու ուսումնասիրել մարտահրավերները, ներկայացնել ոլորտի նվաճումները եւ խթանել զարգացումը, ներկայացնել ու առաջ մղել մեխանիզմների մշակումը, արդյունավետ վարել ՏՏ ոլորտի վարչական վիճակագրական ռեգիստրը:

Որպես կարեւոր քայլ նշվել է ՏՏ ոլորտի մասնագիտական կարողությունների զարգացումը, մասնավորապես՝ հայ-հնդկական ՏՀՏ ուսումնական կենտրոնի բնականոն գործունեության ապահովումը, դասընթացների, սեմինարների եւ այլ միջոցառումների կազմակերպումը, «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ» եւ վերազգային այլ ընկերությունների հետ կարողությունների զարգացման եւ այլ համատեղ ծրագրերի իրականացումը: