Լիանա Կորկոտյանը
17:41 | 28.12.15 | Նորություններ | 15281
«Մայքրոսոֆթ» ընկերության հայաստանյան ներկայացուցչության նոր տնօրենը Լիանա Կորկոտյանն է, որն այդ պաշտոնում փոխարինել է Եվա Հյուսյանին:
Լուրը Itel.am-ի հետ զրույցում հաստատել են «Մայքրոսոֆթի» հայաստանյան ներկայացուցչությունում:
Լիանա Կորկոտյանն այսօր հանդիպել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին:
Ինչպես հաղորդում են ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են կրթական համակարգում բարձր տեխնոլոգիաների խթանմանը միտված ԿԳՆ ծրագրերը:
«Մայքրոսոֆթի» ներկայացուցիչները հանդիպման ընթացքում իրենց առաջարկությունն են ներկայացրել՝ առաջին դասարանցիներին համակարգիչներով ապահովելու պետական ծրագրում մասնակցություն ունենալու վերաբերյալ:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում «Մայքրոսոֆթի» կողմից ամբողջական առաջարկություն ներկայացնելու, ինչպես նաեւ փորձնական ծրագրում ընդգրկվող դպրոցների ցանկը ճշգրտելու վերաբերյալ:
Այս ընթացքում ընկերությունը, համագործակցելով ՀՀ ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի հետ, աշխատանքներ կտանի համակարգիչների տեխնիկական պարամետրերի եւ կրթական բովանդակության համապատասխանեցման, ինչպես նաեւ հայաֆիկացման ուղղությամբ: