16:46 | 23.12.15 | Նորություններ | 1487

Արագածոտնի մարզից 20 աշակերտ հյուրընկալվել է PicsArt-ում

Այսօր Արագածոտնի մարզի Քուչակ եւ Ապարան համայնքներից 20 աշակերտ PicsArt ընկերության հրավերով այցելել է ընկերության երեւանյան գրասենյակ՝ մասնակցելու տոնական ժամանցային եւ ուսուցողական միջոցառմանը:

PicsArt-ի եւ «Վորլդ Վիժն Հայաստան»-ի կողմից իրականացվող «Արվեստի ուսուցում ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով» ծրագրի շրջանակում (Learning Art through Modern Technologies) Ապարանից ավելի քան 50 աշակերտ սովորում է PicsArt-ով ստեղծագործել:

Համատեղ ծրագրի շրջանակում Ապարան եւ Քուչակ համայնքների 2 դպրոցների խմբակներին նվիրաբերվել է 29 պլանշետ, իսկ նկարչության ուսուցիչները վերապատրաստվել են PicsArt-ի կողմից։

Ամանորյա միջոցառման ընթացքում աշակերտները մասնակցել են գրաֆիկ դիզայնի, լուսանկարչության եւ էլեկտրոնային նկարչության մրցույթների եւ PicsArt-ի մասնագետներից բաղկացած ժյուրիի ընտրությամբ արժանացել մրցանակների:

«Հայաստանի ապագա զարգացումը սերտորեն կապված է տեղեկատվական տեխնոլոգիաների հետ, ինչը բնական պաշարներ չի պահանջում, այլ միայն գիտելիք եւ համապատասխան կրթություն»,- նշել է PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանը:

«Ծրագիրն ավելի հեռուն գնացող ազդեցություն ունի, քան զուտ երեխաներին նոր տեխնոլոգիական միջոցներին ծանոթացումը: Նախագիծն օգնում է երեխաների մոտ զարգացնել ստեղծարար ու նորարար մտածելակերպ, իսկ PicsArt-ի երիտասարդ մասնագետները կարող են նրանց համար լավագույն օրինակ ծառայել»,- իր հերթին ասել է «Վորլդ Վիժն Հայաստան»-ի ծրագրի տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Ակնկալվում է, որ PicsArt-ի մասնագետները պարբերաբար կայցելեն դպրոցներ՝ աջակցելով դասընթացների անցկացմանը: