12:20 | 21.12.15 | Նորություններ | 4850

Hour of Code-ը համախմբել է շուրջ 200 դպրոցականի

«Այբ» դպրոցի եւ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստան» կազմակերպության նախաձեռնությամբ դեկտեմբերի 20-ին «Այբ» ավագ դպրոցում տեղի է ունեցել «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

«Ծրագրավորման ժամը» միջազգային ձեւաչափի միջոցառում է, որը մասնակիցներին հնարավորություն է տալիս խաղերի միջոցով հեշտությամբ սովորել ծրագրավորման տարատեսակ լեզուներ, ինչպես նաեւ զարգացնել տրամաբանությունը եւ խնդիրների լուծման հմտությունները:

Հայաստանում  «Ծրագրավորման ժամը» կազմակերպվում էր երկրորդ անգամ։ 2014-ին միջոցառմանը մասնակցել էր ավելի քան 150 դպրոցական, իսկ այս տարի՝ շուրջ 200-ը:

«Այսօր ծրագրավորումը հասանելի է բոլորին: Hour of Code-ի նպատակն է զարգացնել ծրագրավորման մտածողություն` անկախ մասնագիտությունից, լինես բանասեր, նկարիչ, թե իրավաբան: «Այբ» դպրոցը խրախուսում է նորարար ձեւաչափերը: Նման ծրագրերի իրականացումը մեծ ներդրում է ապագա սերնդի կրթության եւ զարգացման հարցում»,- նշել է «Այբ» դպրոցի տնօրեն Արամ Փախչանյանը:

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը կարեւորում է այս նախաձեռնությունը, որի նպատակն է դպրոցական հասակից երեխաներին ցույց տալ, որ բացի տեխնոլոգիական արտադրանքներ օգտագործելուց նաեւ կարեւոր է իմանալ, թե ինչպես են ստեղծվում դրանք»,- ասել է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Բացի ծրագրի ավանդական մասից՝ միջոցառման ընթացքում կայացել է ռոբոտների ցուցադրություն: Պրեզենտացիաներ ներկայացրել են PicsArt եւ Shadowmatic ըկերությունները:

Ինչպես նախորդ տարի, այս տարի եւս ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունն աջակցել է «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը՝ ապահովելով ինտերնետ կապով:

Միջոցառմանն աջակցել են նաեւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), PicsArt եւ Shadowmatic ընկերությունները, Menu.am-ը: