13:38 | 19.12.15 | Նորություններ | 3783
Արդեն երրորդ տարին Արագածոտնի մարզի Կոշ համայնքում գործում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսական աջակցությամբ հիմնված «Արմենակ եւ Աննա Թադէոսեանների» անվան մանկական վերականգնողական եւ ցերեկային խնամքի կենտրոնը:
Վերջին երկու տարիներին կենտրոն հաճախող թվով 20 երեխաների ֆինանսական ծախսերի զգալի մասը հոգում է ՎիվաՍել-ՄՏՍ-ը:
«Մեր մասնակցությունն այս ծրագրին պայմանավորված է այն համոզմունքով, որ ծնողները չպետք է միայնակ լինեն իրենց հասակակիցներին զարգացման մեջ զիջող երեխաների մասին հոգ տանելու հարցում: Ընդամենը պետք է օգնության ձեռք մեկնել անմնացորդ նվիրված ծնողներին՝ իրենց երեխաների զարգացման առաջընթացը տեսնելուն ուղղված ամենօրյա ջանքերը հաջողությամբ պսակված տեսնելու համար: Արժե ամեն ինչ անել, որպեսզի ծնողական երջանկության հնարավորություն տալ հայրերին եւ մայրերին, ովքեր անցնում են հույսի ու հուսախաբությունների ճանապարհով», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Երեխաների տեղափոխումը տանից դեպի վերականգնողական կենտրոն իրականացվում է հարմարավետ ավտոբուսներով: Կենտրոնում երեխաներն անցնում են վերականգնողական թերապիա, ապահովվում են երկանգամյա սնունդով, ինչպես նաեւ կազմակերպվում է նրանց ժամանցը եւ տեղափոխումը տուն: Ցերեկային ստացիոնարը իրականացվում է 09:00-ից մինչեւ 18:00, շաբաթը՝ 5 օր:
Վերականգնողական եւ խնամքի ծառայութուններ ստանալուն զուգահեռ երեխաները մասնակցում են խմբային խաղերի եւ հանգստանում իրենց համար հարմարեցված ննջասենյակներում: Ծրագիրը խթանում է երեխաների մտավոր ունակությունների զարգացումը, ֆիզիկական կարողությունների վերականգնումը, ադապտացումը շրջապատող միջավայրում, ինքնուրույնության ձեռք բերումը կամ ամրապնդումը:
Կենտրոնն իր ծառայությունները տրամադրում է ինչպես Արագածոտնի մարզի, այնպես էլ Հայաստանի այլ քաղաքներից (մասնավորապես Երեւանից եւ Գյումրիից) ժամանած հաշմանդամություն ունեցող այն երեխաներին, ովքեր առողջական լուրջ խնդիրների հետեւանքով դուրս են մնացել կրթական կամ նախադպրոցական հաստատություններում ընդգրկվելու գործընթացից:
2013-2015 թվականների ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ը կենտրոնին է տրամադրել ավելի քան 43 միլիոն դրամի աջակցություն: