15:07 | 28.11.15 | Նորություններ | 3732
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում ավարտել են ընթացիկ տարում համատեղ իրականացվող 10-րդ նախագիծը:
Վայոց Ձորի մարզի Գոմք համայնքում տեղակայվել է 37 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ: Նախիջեւանի սահմանից մոտ 7 կմ հեռավորության վրա գտնվող Գոմքն ունի մոտ 300 բնակիչ:
Գոմքում գործարկվել է արտաքին լուսավորության լուսադիոդային նոր համակարգը, որը կլուսավորի գյուղի գրեթե 60 %-ը:
«Ընթացիկ տարում սա մեր այցելած արդեն տասներորդ համայնքն է: Այս ծրագրի հիմքում կա սոցիալական աջակցության տարրը: Բուն նպատակը, սակայն, ավելի կարեւոր է. ձեր աչքերում տեսնել հույս եւ լավատեսություն՝ վաղվա օրվա հանդեպ: Լուսավորվել է Գոմքի տարածքի կեսից ավելին: Եթե յուրաքանչյուրիդ մեջ դրա կիսով չափ ավելանա լավատեսությունը՝ կարող ենք ծրագիրը հաջողված համարել: Միշտ հիշեք, որ դուք մենակ չեք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: