17:31 | 25.11.15 | Նորություններ | 5377

Orange Հիմնադրամը 51 մլն դրամ է ներդնում Զանգակատուն գյուղում

Orange Հիմնադրամի «Մեկ գյուղ» համալիր զարգացման երրորդ ծրագիրը կիրականացվի Արարատի մարզի Զանգակատուն գյուղում:

Ծրագրի նպատակն է արմատական փոփոխություններ կատարել ընտրված մեկ գյուղական համայնքի կյանքում:

Ծրագրի շրջանակում նախատեսվում է ստեղծել գյուղատնտեսական կոոպերատիվ, ֆինանսական միջոցներ հատկացնել համայնքի ոռոգման համակարգի վերականգնման համար, վերանորոգել գյուղի բժշկական ամբուլատորիան, վերազինել գյուղի դպրոցի համակարգչային դասարանը:

«Orange Հիմնադրամը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել գյուղական համայնքերի, հատկապես սահմանամերձ գյուղերի առօրյա խնդիրները: Կարծում ենք համայնքի համալիր զարգացմանն ուղղված «Մեկ գյուղ» նախաձեռնությունը, որը միաժամանակ անդրադառնում է գյուղի տնտեսական,  առողջապահական, կրթական ու ջրամատակարարման ոլորտներում առկա խնդիրներին, հնարավորություն է տալիս շոշափելի արդյունքների հասնել եւ էականորեն բարելավել համայնքի առօրյան: Հոկտեմբերին նշեցինք Տավուշի մարզի Պառավաքար համայնքում «Մեկ գյուղ» նախագծի շրջանակներում իրականացված լայնածավալ աշխատանքների ավարտը եւ ուրախ էինք տեսնել, թե որքանով է մեր այս նախաձեռնությունը փոխել Պառավաքարի բնակիչների կյանքը»,- ասել է Օրանժ Արմենիայի գլխավոր տնօրեն Ալեքսանդր Եսայանը:

Զանգակատուն համայնքում «Մեկ գյուղ» ծրագիրն իրականացվում է «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության հետ համատեղ, համայնքի բնակիչների անմիջական մասնակցությամբ: Ծրագրին Orange Հիմնադրամի հատկացված ֆինանսական աջակցությունը կկազմի 51 մլն դրամ: