09:37 | 24.11.15 | Նորություններ | 4289
Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը արտաքին լուսավորության նոր նախագիծն են իրականացրել` համայնքային զարգացմանն ուղղված «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում:
Այս անգամ լուսավորության 37 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ է տեղադրվել Վայոց Ձորի մարզի Գնիշիկ եւ Մոզրով գյուղերում, որոնք գտնվում են Նախիջեւանի սահմանից մոտ 1 կմ հեռավորության վրա:
Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչեւ 00:00-ն: Տոնական օրերին՝ լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:
«Փողոցային լուսավորությունն առանցքային ենթակառուցվածք է, համայնքային կյանքի անհրաժեշտ նախապայման, որից տեղում ռեսուրսների անբավարար լինելու հետեւանքով ամբողջությամբ զուրկ են բազմաթիվ գյուղեր: Փողոցային լուսավորություն ունենալը շռայլություն է դարձել: Մենք ցանկանում ենք, որ գյուղաբնակ մեր հայրենակիցները գիշերային ժամերին եւս ապահով զգան տանից դուրս գտնվելիս: Լուսադիոդային լամպերը զգալիորեն նվազեցնում են փողոցային լուսավորության ծախսերը, հետեւաբար նաեւ՝ թեթեւացնում համայնքային բյուջեի վրա դրվող ֆինանսական բեռը: Խնայված միջոցները կարող են օգտագործվել գյուղի համար ավելի կարեւոր ծախսերը հոգալու համար»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: