11:19 | 20.11.15 | Նորություններ | 6081

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ Բարձրունի համայնքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը «Այլընտրանքային էներգիա» համատեղ ծրագրի շրջանակում ամփոփել են հերթական նախագծի արդյունքները:

Վայոց Ձորի մարզի Բարձրունի գյուղի կենտրոնական փողոցում տեղակայվել է արտաքին լուսավորության՝ 41 կետից բաղկացած լուսադիոդային (LED) համակարգ: Այն լուսավորում է 1250 մ տարածություն:

«Լուսավորված փողոց ունենալը քաղաքի մենաշնորհը չէ: Գյուղական համայնքներում այս ենթակառուցվածքի զարգացումը կարեւոր եւ պարտադիր պայման է՝ էներգետիկ համակարգ ունեցող որեւէ երկրի համար: Դա քաղաքակիրթ ապրելակերպի ցուցիչներից մեկն է: Իսկ սահմանամերձ համայնքներում՝ նաեւ անվտանգության երաշխիք է: Այսօրինակ ծրագրերով ձգտում ենք լինել հեռավոր մարզերում բնակվող մեր հայրենակիցների կողքին»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Բնապահպանական եւ էներգաարդյունավետ LED լուսավորությունը 80%-ով կնվազեցնի էներգիայի ծախսը: Ամռանը փողոցը լուսավորված կլինի 22:00-ից մինչեւ 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:30-ից մինչեւ 00:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր: