11:00 | 19.11.15 | Նորություններ | 4237

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ թողարկվել է հայ կամերային երաժշտության 18 ձայնասկավառակ

ՎիվաՍել-ՄՏՍ-ը եւ «Արս լունգա» դուետը ամփոփել են «Հայ կամերային երաժշտության անթոլոգիա» 5-ամյա ծրագրի արդյունքները:

Ձայնագրվել է դուետի եւ տրիոյի համար նախատեսված 18 ձայնասկավառակ՝ հայ 80 կոմպոզիտորի ստեղծագործություններով:

«Ներկայումս ակադեմիական եւ դասական երաժշտության ծրագրերի ժողովրդականության նվազման միտում է նկատվում: Դա մասամբ պայմանավորված է նրանով, որ թվային դարաշրջանն արագացնում է կյանքի ռիթմը եւ տալիս գործիքներ՝ առանց հավելյալ ջանքերի կամ ժամանակային կորստի մշակույթին հաղորդակցվելու համար: Մինչդեռ մնայուն արժեքները՝ բարձր արվեստը, այդ թվում, երաժշտությունը, խորապես հասկանալու եւ գնահատելու համար պահանջվում են ժամանակ եւ մտավոր ջանքեր: Հենց այդ պատճառով մենք պետք է պայքարենք ակադեմիական երաժշտության որակները պահպանելու համար»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
 
2011-ից իրականացվող ծրագրի համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 16 մլն դրամի ներդրում:
 
Գնահատելով «Արս Լունգա» դուետի հետ հաջողված համագործակցության արդյունքը՝ Ռալֆ Յիրիկյանը ՎիվաՍել-ՄՏՍ-ի տասնամյա գործունեության նպատակով թողարկված ոսկե հուշամեդալով է պարգեւատրել ծրագրի համահեղինակներ՝ թավջութակահար Արամ Թալալյանին եւ դաշնակահար Ջուլիետա Վարդանյանին:
 
ՎիվաՍել-ՄՏՍ-ը հիշեցնում է, որ «Արս լունգա» դուետը ներկայանում է հայ հանդիսատեսին՝ «Կոմիտաս Վարդապետ եւ Սուլխան Ցինցաձե. հայ եւ վրաց դասականների անդրադարձը ֆոլկլորին» համերգով: