16:30 | 12.11.15 | Նորություններ | 3635

Beeline-ը արդիականացնում է ֆիքսված կապը Արագածոտնի եւ Լոռու մարզերում

Beeline-ը շարունակում է Հայաստանի մարզերում ավտոմատ հեռախոսային կայանների (ԱՀԿ) եւ բաժանորդային գծերի արդիականացմանն ուղված աշխատանքները:

Մասնավորապես, այս ամիս մեկնարկել են գործող բաժանորդային հեռախոսագծերի վերամիացման աշխատանքները Լոռու մարզի Թումանյան քաղաքում եւ Արագածոտնի մարզի Բյուրական եւ Անտառոտ համայնքներում: 

Արդիականացման աշխատանքների ավարտից հետո, որը Թումանյանում նախատեսվում է մինչեւ ս.թ. դեկտեմբերի 12-ը, իսկ Բյուրականում եւ Անտառոտում` մինչեւ ս.թ. նոյեմբերի 30-ը, նշված համայնքների բնակիչներին հասանելի կլինեն նոր որակի թվային ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի ծառայություններ:

«Beeline-ը շարունակում է ընդլայնել լայնաշերտ ինտերնետի ծառայությունների աշխարհագրությունը` դրանք հասանելի դարձնելով Հայաստանի մարզերի ավելի մեծ թվով բնակիչների համար: Միեւնույն ժամանակ մենք շարունակում ենք աշխատել նաեւ ֆիքսված ցանցի արդիականացման ուղղությամբ` ձգտելով համատեղել մատչելի սակագները որակյալ կապի հետ: Թվայնացման աշխատանքների ավարտից հետո Լոռու եւ Արագածոտնի մարզերի եւս երեք համայնքների բնակիչներ հնարավորություն կունենան օգտվելու ֆիքսված կապի եւ լայնաշերտ ինտերնետի մեր պարզ եւ հարմար ծառայություններից»,-  նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: